37

Ավելի քան 250 կազմակերպություններ սատարում են Տարոն Մարգարյանին

30/04/2013

Երևանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական, հայրենակցական ու ազգային փոքրամասնությունների միությունների և մտավորականության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի պատասխանատուների հետ:    


Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, նկարիչ Զուլում Գրիգորյանը, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, իրենց ելույթներում կարևորելով Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ջանքերն ու առկա դրական փոփոխությունները, իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակից լինել  բոլոր այն նախաձեռնություններին,  որոնք իրատեսական առաջընթաց են ապահովում մայրաքաղաքի համար:

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով Երևան քաղաքի զարգացման տեսլականն ու իրականացվող ծրագրերի շարունակականության հեռանկարը,  հավաստիացրեց, որ երևանցիների վստահության քվեն ստանալով,  թիմը պատրաստակամ է շարունակել ամեն դրականն ու լավը՝ ավելի բարեկարգ, ավելի մաքուր, ավելի կանաչ ու լուսավոր, ավելի  լավ Երևան ունենալու համար:


Հանդիպմանը մասնակից ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ  հանդես եկան համատեղ հայտարարությամբ.


Հայտարարություն


Մենք` Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության մասնակից հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական,  հայրենակցական ու ազգային փոքրամասնությունների միությունների և մտավորականության ներկայացուցիչներս, անչափ բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու արդիականացմանը։

Գիտակցելով մեր պարտականությունները քաղաքացիական հասարակության կայացման գործում և հաշվի առնելով քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծրագրային հիմնադրույթները, նրա կողմից բոլոր ծրագրերը  կյանքի կոչելու իրական հնարավորությունները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության մոտ ձևավորված դրական նկարագիրը` կոչ ենք անում.


• ակտիվորեն մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին,


• կատարել  քաղաքացիական դիրքորոշման և համոզմունքի վրա հիմնված գիտակցված ընտրություն,


• քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության ավագանու ցուցակի և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին։


Հարկ ենք համարում նշել մեր համոզմունքն առ այն, որ Տարոն Մարգարյանը, ընտրվելու դեպքում, իր թիմի հետ միասին աշխատանքային հետագա տարիներն առավել արգասաբեր և արդյունավետ կօգտագործի` ի նպաստ բարեկարգ, հարմարավետ, գրավիչ մայրաքաղաք` ավելի լավ Երևան ունենալու մեր սպասումներին: