44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

05/05/2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նախ նշել է. «Քվեարկել եմ հանուն ավելի լավ Երևանի և հանուն երևանցու ավելի լավ վաղվա օրվա, ու վստահ եմ, որ մեր վաղվա օրը իսկապես լինելու է ավելի լավը»:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե Տարոն Մարգարյանը ինչպիսին է տեսնում ավելի լավ Երևանը, քաղաքապետը, մասնավորապես, ասել է, որ այն տեսնում է ավելի հարմարավետ, բարեկարգ ու մաքուր:

«Քանի որ արդեն ութ տարի է, ինչ տեղական ինքնակառավարման համակարգում եմ ծավալում իմ գործունեությունը, երևանցիների խնդիրներին նոր չէ, որ պիտի ծանոթանամ: Եվ այս քարոզարշավի ընթացքում հաշվետու լինելով նախորդ չորս տարիներին կատարած աշխատանքի համար՝ մենք մեր ընտրողներին ներկայացրեցինք մեր նոր ծրագրերը: Ու վստահ եմ, որ մենք միասին անպայման ունենալու ենք մեր՝ բոլոր երևանցիներիս, երազած ավելի լավ Երևանը»: