36

«Իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել». Տարոն Մարգարյան

30/04/2013

- Նախագահի ընտրությունից հետո շատ խոսվեց Երևանի Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանի պարտության մասին: Շատերը ակնկալում էին Ձեր հրաժարականը, ինչը տեղի չունեցավ: Ինչո՞ւ հրաժարական չտվեցիք:

- Նախ՝ պետք է շեշտեմ, որ Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը պարտություն չի կրել: Ցավոք, որոշ շրջանակների համար նախագահական ընտրությունների արդյունքները քաղաքական շահարկումների ու վաղուց կուտակված վերաբերմունքի հիմք ծառայեցին: Հիասթափեցնեմ. որպես Երևանի քաղաքապետ՝ հրաժարականի հիմք չունեմ: Հատկապես եթե խոսում ենք ընտրական տրամաբանությամբ, մայրաքաղաքում, որը, որպես կանոն, լինում է ընդդիմադիր, Սերժ Սարգսյանը հաղթել է:


- Երևանցիներին, մասնավորաբար՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մեղմ ասած, դուր չէր գալիս, որ քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ առաջին տեղն են զբաղեցնելու: Երևանի մի շարք համայնքներում Սերժ Սարգսյանի պարտությունից հետո ի՞նչն է ՀՀԿ-ին այդքան լավատեսության հիմք տալիս:

- Ես չեմ տեսել քարոզչությանը մասնակցող որևէ քաղաքական ուժ, որը ընտրություններից առաջ հայտարարում է, թե ինքը պարտվելու է, հատկապես, որ հաղթանակի ամենամեծ հայտերը վերջին բոլոր ընտրություններում ներկայացրել են հանրապետականները: Ժողովրդավարական գործընթացները թելադրում են նոր իրավիճակներում ընտրությունների անցկացման և կազմակերպման ավելի կատարյալ մեխանիզմների ներդրում: Մենք կարող ենք պարտվել որոշ տեղամասերում. դա բնական և նորմալ երևույթ եմ համարում: Հասուն քաղաքական ուժերը դրանից անում են հետևություններ, որպեսզի հասկանան՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրողի նման տրամադրվածությունը: Այսօր Դուք չեք գտնի որևէ քաղաքական կուսակցություն, որը պատրաստ է հայտարարել, թե ինքը պարտվելու է, իսկ ՀՀԿ-ի նշաձողը միշտ եղել է շատ բարձր, ուստի ակնհայտ է, որ առաջին տեղից բացի՝ ցանկացած այլ տեղ մեզ համար անհաջողություն է:

 

- Քաղաքապետարանի գործունեության լուսաբանման քողի տակ գովազդվում է ՀՀԿ-ական քաղաքապետը: Ինչո՞ւ եք խախտում օրենքը:

 

- Ձեր հարցադրումները լավ իմաստով մի փոքր սադրիչ են, ինչն ինձ թույլ է տալիս ավելի բաց ու անկեղծ լինել: Եթե հանրապետական քաղաքապետը լավ է աշխատում, ապա դա ամենալավ քարոզչությունն է, և գործող քաղաքապետը Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը չի օգտագործում քարոզչության նպատակներով: Այլ հարց է, որ գուցե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ քաղաքապետարանը, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, լավ է աշխատում: Երևանի քաղաքապետարանի միջոցառումներն ու ծրագրերը հիմնականում երևանցիների կողմից ընդունելի են և վայելում են նրանց աջակցությունը: Հարցադրման մնացած պնդումներն իմ մեկնաբանության տիրույթից դուրս են:

 

- Ձեր նախընտրական շտաբի պետը և այլ կուսակից ընկերներ հայտարարեցին, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն եք: Որքանո՞վ է սա իրականություն կամ չափազանցություն:

 

- Սոցիոլոգիական հարցումները մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Դրանք հաճելի են, եթե մատնանշում են քո առավելությունները, և դիտվում են խնդրահարույց, եթե դու առաջինը չես: Սովորաբար այդպես է բոլորի, բնականաբար, նաև ինձ համար: Սոցիոլոգիան Հայաստանում զարգացում է ապրում նույնքան, որքան այլ հասարակական գիտությունները՝ հետզհետե ավելի բարձր մակարդակ է դրսևորվում ամեն ասպարեզում: Ես չեմ ուզում մեկնաբանել՝ լավագույն քաղաքապետն եմ, թե ոչ: Համենայնդեպս, իմ գործընկերներն այդ մասին խոսելիս հղում են անում սոցհարցումներին, ու դրանք մաստակ սարքելը, կարծում եմ, մեր թիմի ներսում որոշակի պառակտում մտցնելու մղումով է թելադրված, որը, սակայն, որևէ արդյունք չի տալիս: Ուզում եմ նշել, որ ես բարձր եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետերի աշխատանքը: Երևանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ համարվում է նախորդի գործի շարունակողն ու ժառանգորդը, և ամեն մեկը յուրովի մասնակից է դառնում Երևանի զարգացմանն ու ունենում իր ներդրումը մայրաքաղաքի զարգացման գործում: Աշխատանքի ընթացքում որևէ մեկը թերություններից ու սխալներից երաշխավորված չէ, բնականաբար՝ բացթողումներ ունեմ նաև ես:

 

- Ձեր շնորհիվ պատգամավոր դարձավ Ձեր կնոջ եղբայրը, ինչը շահարկումների տեղիք տվեց: Ինչո՞ւ այլոց նման մեծացրիք Ձեր խոցելիության աստիճանը:

 

- Այս խնդիրը ժամանակին շահարկվեց: Ռոբերտ Սարգսյանին պատգամավոր են ընտրել ավանցիները: Այո, որոշակի առումով սա գուցե նաև վստահության քվե էր՝ տրված ինձ: Բայց գործող քաղաքական գործիչների հետ բարեկամական և հարազատական կապ ունենալը չի նշանակում, թե այդ կապը պետք է դառնա շահարկման առիթ, ու նրանց քաղաքական կամ մասնագիտական առաջընթացը դրանից պետք է տուժի:

 

- Աշխատանքի բերումով հանդիպել և հանդիպում եք բազմաթիվ անձանց, սակայն ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ հանդիպումը չի մոռացվում, և ասում են, որ առաջիկա օրերին գալու է Երևան՝ հատուկ Ձեր քարոզարշավի համար: Ինչո՞ւ է հատկապես Վոլոչկովայի հետ Ձեր հանդիպումը քննարկվում, և ե՞րբ է նորից Երևան գալու Վոլոչկովան:

 

- Այս հարցին մի քիչ կատակով պատասխանեմ. երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր և ընկեր Արմեն Աշոտյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Տարոն ջան, ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է նախանձում, մի մասն էլ՝ քեզ»: Կատակի մեջ երևի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության, այսպես կոչված, գլամուրային դրսևորումները և «դեղին ոճը» նորմալ երևույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում:

 

- «Երևան» հիմնադրամի 2012թ. հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում «Երևան» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսել է 3.728.138.133 ՀՀ դրամ: Հաշվետվության մեջ, սակայն, ինչպես հարկն է նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, և որքա՞ն գումար է հատկացվել յուրաքանչյուր ծրագրի համար: Տրված է միայն ծրագրերի ընդհանուր նկարագիրը՝ բարեկարգում, կանաչապատում, կառուցապատում, սպորտային, մշակութային ծրագրերի իրականացում և այլն: Հիմնադրամը ֆինանսական միջոցներ է ստացել Երևան քաղաքի բյուջեից ստացված աղբյուրներից՝ 2. 473.757.365 դրամ (որպես նպատակ՝ հաշվետվության մեջ անորոշ նշվում է՝ «միջոցառումների համար»): Բացի դրանից, հիմնադրամին CIUDAD Gospel ծրագրի իրականացման համար 30.995.489 դրամ հատկացրել Եվրամիությունը: Սակայն «ֆինանսական աղբյուրները» հոդվածի ամենաուշագրավ հատվածը հետևյալն է՝ «Երևան» հիմնադրամը նախորդ տարվա ընթացքում 1 միլիարդ 118 միլիոն 20 հազար 754 դրամ գումար է ստացել «կազմակերպություններից և անհատներից՝ քաղաքի բարեկարգման, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններին, անհատներին օժանդակություն տրամադրելու նպատակով»: Թե քանի՞սն են այդ «կազմակերպություններն ու անհատները», ի՞նչ է դրանց անունը, որքա՞ն գումար է նրանցից յուրաքանչյուրը հատկացրել հիմնադրամին և ի՞նչ նպատակով, հաշվետվության հեղինակները չեն նշել: Եվ, ընդհանրապես, օպոնենտ քաղաքական ուժերը Ձեզ շատ մեղադրեցին նաև մայրաքաղաքի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման մեջ: Ինչո՞ւ եք «քամուն տվել» երևանցիների գումարները:

 

- «Երևան» հիմնադրամը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ: Նախորդ 4 տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության առնչությամբ որևէ քննադատություն չի հնչել: Հիմնադրամի խնդիրն այսօր քաղաքական շահարկման թեմա է դարձել: Կարծես, նոր տեղն իմացան: Ցավոք, մեր որոշ քաղաքական գործընկերներ սև PR-ի՝ տարիներով դրսևորված հմտություններ կիրառեցին, և այդ ամենն ինձ վրա քաղաքական կոմպրոմատների պայքարի տպավորություն է թողնում: Բայց ես վստահ եմ, որ երևանցու ընտրության վրա այդ ամենն ազդեցություն չի ունենա:

 

- Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված և չհայտարարագրված ունեցվածքի մասին: Դուք որևէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած «օբյեկտները» իսկապե՞ս Ձեզ են պատկանում: Ի դեպ, Ձեր հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել, մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել. եղել եք Ավան համայնքի ղեկավար, փոխքաղաքապետ և քաղաքապետ:

 

- Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ՝ սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները ևս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետև երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում:

 

- Ինչո՞ւ քարոզարշավը տարվեց Ձեր անձի շեշտադրմամբ և ոչ թե կուսակցության: Կարծում եք՝ ՀՀԿ-ի ներկայիս ոչ բարենպաստ իմիջը կխանգարե՞ր Ձեզ:

 

- ՀՀԿ-ն այն բացառիկ ուժերից է, որը հայտարարում է, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը՝ իր հաջողության հասնելու պարագայում: Մեր շատ քաղաքական մրցակիցներ այս հարցի պատասխանը հստակ չեն ներկայացրել հասարակությանը: Այո, իմ ընկերներն ասում են, որ իմ անձնական վարկանիշը որոշ դեպքում ավելի բարձր է, քան կուսակցության քաղաքական վարկանիշը: Բայց ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցության Երևանի կառույցի պատասխանատուն և պարտավորություն ունեմ իմ գործունեությամբ նպաստելու կուսակցության վարկանիշի բարձրացմանը: Ամեն կուսակցություն ունի իր քարոզչական ռազմավարությունը: Եթե Երևանի ավագանու քարոզարշավն ավելի շատ կառուցվում է իմ անձի շուրջ, դա չի նշանակում, թե կուսակցության գործերը վատ են: Դա ընդամենը նշանակում է, որ մենք ավելի բաց ու ազնիվ ենք: Չմոռանանք, որ ես ընտրության եմ գնալու մեծ թիմով, ավագանու ցուցակով. նրանք միշտ ուղեկցում են ինձ նախընտրական հանդիպումների ժամանակ: Ես պատիվ եմ համարում այդ թիմը գլխավորել:

 

- Ի դեպ, ողջ քարոզարշավի ընթացքում Ձեր թիմակիցները Ձեզ ուղղված իրենց գովեստներում շեշտադրում էին այն, որ Դուք լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին եք և ինքներդ էլ հինգ երեխայի հայր: Տպավորություն էր, որ Դուք այլ արժանիքներ չունեք Երևանի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար:

 

- Քարոզարշավի ընթացքում գովեստները երևի անխուսափելի են. պետք է խոստովանեմ, որ ինքս միշտ խուսափում եմ գովասանքի խոսքերից: Մի տեսակ իմ ոճը չէ: Իմ հպարտությունն է, որ ես Անդրանիկ Մարգարյանի որդին եմ, Մարգարյանների գերդաստանի ներկայացուցիչը և այդ գերդաստանը շարունակում եմ 5 երեխաներով: Վստահ եմ, որ անգամ Դուք, որ տալիս եք այս հարցը, գիտեք, որ դա իմ միակ արժանիքը չէ: Ինչ խոսք, ես պատասխանատու և հաշվետու եմ նաև հորս հիշատակի և երեխաներիս ապագայի առջև: Ես Մարգարյանների ընտանիքում, ինչպես ցանկացած այլ երիտասարդ, կամուրջ եմ իմ տոհմի նախնիների և սերունդների միջև:

 

- Ի՞նչ է անելու Տարոն Մարգարյանը մայիսի 6-ին:

 

- Մայիսի 6-ին, ինչպես մնացած բոլոր օրերին, պարզ ճակատով նայելու եմ երևանցիներին, իմ ժողովրդին, ինձ ընտրած և չընտրած մեր քաղաքացիներին: Շարունակելու եմ աշխատել հանուն ավելի լավ Երևանի: Հարյուր հազարավոր մարդիկ հույսեր են կապել մեզ հետ, և այդ հույսերը արդարացնելու ենք: