Մշակութային ոլորտի ՀԿ-ները սատարում են Տարոն Մարգարյանին
23/04/2013
Երևանի մշակութային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ստեղծագործական միությունների հայտնի գործիչներ Ռազմիկ Դավոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Լևոն Անանյանը, Հակոբ Ղազանչյանը և այլք այսօր հանդիպել են Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի և պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում մշակութային գործիչները հայտարարեցին, որ կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Մշակութային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ստեղծագործական միությունների գործիչները հանդես եկան ելույթներով և, շնորհակալություն հայտնելով Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հատկանշեցին փաստեր այն մասին, որ Երևանում կազմակերպվել և անցկացվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում` Հայաստանը գրքի մայրաքաղաք ճանաչվելը, Հայ գրատպության 500-ամյակը և այլ միջոցառումներ, որոնց միջոցով Երևանը մշակութային առումով էլ ավելի ներկայանալի է դառնում:
Հնչեցին նաև այլ հարցեր և խնդիրներ, որոնք կքննարկվեն նաև Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ապրիլի 30-ին նախատեսված հանդիպման ժամանակ: