Նախընտրական հանդիպումներ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ
15/04/2013
«Երևանում միասին ենք ստեղծելու ավելի լավ տրանսպորտային համակարգ». Տարոն Մարգարյան
«Քաղաքային իշխանության համար օրակարգային կարևոր խնդիրներից մեկն էլ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու երևանցիների համար հարմարավետ տրանսպորտի ապահովումն է: Եվ անցած չորս տարիների ընթացքում մշակված ու հետևողականորեն կյանքի կոչված Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման ու արդիականացման ծրագրի շրջանակում զգալի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում նաև վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս կշարունակվեն ոլորտի արդեն իսկ սկիզբ առած բարեփոխումները, ինչի արդյունքում Երևանը կունենա ավելի լավ ու հարմարավետ տրանսպորտային համակարգ:
«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրն այսօր իրոք լուրջ մարտահրավեր է մեզ համար: Վերջին տարիներին մեր կողմից հստակ քայլեր ձեռնարկվեցին նախ և առաջ միկրոավտոբուսները հետզհետե միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու ուղղությամբ: Մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային նոր ցանցի պահանջների համաձայն անցկացված երթուղագծերի սպասարկման մրցույթների շրջանակում մենք առաջին փուլի համար խնդիր դրեցինք առնվազն հազար միավորով կրճատել միկրոավտոբուսների քանակը` դրանք ավտոբուսներով փոխարինելու պահանջ դնելով նաև մասնավոր սպասարկող ընկերությունների վրա: Եվ այդ առումով մենք շատ որոշակի հաջողություններ ունեցանք: Որպես գրանցած հաջողություն նաև կառանձնացնեմ հնամաշ «Ռաֆ» և «Երազ» մակնիշների միկրոավտոբուսների իսպառ վերացումը մայրաքաղաքի երթուղային ցանցերից, ինչը ևս մեր քաղաքացիների պահանջն էր: Կատարած աշխատանքը բոլորիդ է տեսանելի, ինչը, սակայն, չի նշանակում, թե այն բավարար է: Մենք դեռ բավականին շատ աշխատանք ունենք կատարելու տրանսպորտի ոլորտում, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիների համար ապահովել հարմարավետ սպասարկում: Եվ այդ մասով մեր ապագա ծրագրերում առանձնակի կարևորել ենք նաև հասարակական տրանսպորտից մեր հաշմանդամ համաքաղաքացիների օգտվելու առաջնահերթությունը: Եվ սա ոչ միայն ավտոբուսների դեպքում: Մենք նախատեսում ենք նաև ամբողջությամբ թարմացնել մայրաքաղաքի վերգետնյա էլեկտրատրանսպորտը, որտեղ ևս անպայման հաշվի կառնվեն մեր հաշմանդամ համաքաղաքացիների շահերը: Մեր օրակարգային հարցերի շարքում է նաև մետրոյի արդիականացման խնդիրը: Եվ համոզված եղեք, որ ստանալով ձեր վստահության քվեն` մենք, ձեզ հետ միասին, օր առաջ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Համայն հայության մայրաքաղաքն այսօրվա և ապագայի երևանցունն է, վստահ է Տարոն Մարգարյանը: Եվ յուրաքանչյուր երևանցու օրն էլ ավելի բարեկեցիկ, ապահով ու հարմարավետ դարձնելու նպատակով ծրագրի հիմքում դրվել է հենց երևանցու ավելի լավ Երևան ունենալու պահանջն ու սպասելիքը. «Մենք պետք է ունենանք այն Երևանը, որը հանգիստ կկարողանանք փոխանցել մեր ապագա սերնդին: Երբ երևանցին քաղաքային իշխանության կողքին է, իշխանությունն ավելի զգոն է և ավելի պարտավորված է աշխատում: Մեր բնակիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում բազում խնդիրներ արդեն իսկ լուծում են ստացել, և վստահ եմ, որ դեռ շատ խնդիրներ նույնությամբ կլուծվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով անցած տարիների ընթացքում արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ այսօրվա նախընտրական ծրագրերը ևս վաղն աշխատանքային ծրագրեր կդառնան. «Ինձ համար հոգեհարազատ են բոլոր բակերը, բոլոր թաղամասերն ու փողոցները: Ավելի լավ Երևան ունենալու համար պետք է ունենալ ավելի լավ բակ, ավելի լավ թաղամաս, ավելի լավ վարչական շրջան: Եվ մեր թիմը վստահ է, որ կարող է այդ աշխատանքները կատարել, այդ ծրագրերը կյանքի կոչել: Սրանք խոստումներ չեն, լոկ խոսքեր չեն, սրանք իրատեսական ծրագրեր են, և մենք պատրաստ ենք ծառայելու մեր քաղաքացիների ու Երևանի համար, որ ունենանք ավելի լավ Երևան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպումների ավարտին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Աջափնյակի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ Երևանի ու երևանցու համար առաջիկա տարիները ևս կառանձնանան ձեռքբերումներով: Բնակիչներն էլ իրենց հերթին, առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Տարոն Մարգարյանին, ընդգծել են, որ իրենք վստահ են, որ վաղն արդեն ապրելու են ավելի լավ Երևանում: