33

Նախընտրական հանդիպումներ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ

26/04/2013

«Միասին սկսել ենք ու դեռ ահագին գործ ունենք միասին անելու ավելի լավ Երևան ունենալու համար». Տարոն Մարգարյան

«Վերջին տարիները փաստում են, որ համատեղ ջանքեր գործադրելու արդյունքում  մենք միասին շոշափելի առաջընթաց ենք արձանագրել, մեր մեծ տանը՝ Երևանին հաղորդելով  բարեկարգ ու հարմարավետ միջավայր»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն այսօր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ էր: Անդրադառնալով անցած տարիների ընթացքում մայրաքաղաքում կյանքի կոչված ծրագրերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում, անցած ժամանակահատվածում, լուծումներ տրվեցին տասնամյակներ շարունակ Երևանի ու երևանցու առջև ծառացած բազում խնդիրների. «Մենք այսօր թիմով եկել ենք այստեղ հաշվետու լինելու մեր կատարած աշխատանքների համար: Այո, հաշվետու լինելու մեր բնակիչներին, մեր երևանցիներին, մեր Աջափնյակի բնակիչներին: Այս տարիների ընթացքում թիմը օր ու գիշեր իր սրտացավ, հետևողական աշխատանքով փորձեց կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք դեռևս չորս տարի առաջ ներկայացրել էինք ձեզ: Հազարավոր բակեր բարեկարգվեցին, 30-40 այգիներ, պուրակներ, մոտ 4,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին, վերանորոգվեցին հազարավոր տանիքներ, վերելակներ, մասամբ լուծում ստացավ տրանսպորտի խնդիրը, շուրջ 30 հազար երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզ, մեր երեխաները կրթություն են ստանում ջեռուցվող տաք դպրոցներում ու մանկապարտեզներում»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Հենց այս հստակ դիրքորոշմամբ թիմը շարունակելու է նաև նախընտարական ծրագրերում տեղ գտած աշխատանքները, որոնց հիմքում դրված են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, նշել է  Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ գալիք չորս տարիներին ևս մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչման գրավականը մնալու է բնակիչների հետ մշտապես սերտ համագործակցությունը. «Այս տարիների ընթացքում ձեզ հետ անմիջական շփումների ժամանակ հենց ձեր կողմից բարձրացված դժգոհություններին փորձել ենք արագ լուծում տալ և շտկել այն թերացումները, որոնք դուք եք մատնանշել: Երևանցու հետ ամենօրյա կապի շնորհիվ է, որ ձեր կողմից բարձրացված  խնդիրներն այսօր օրակարգային հարցեր են դարձել մեզ համար ու ընդգրկվել են մեր ծրագրերում: Եվ համոզված եղեք, որ այդ կապն ավելի ու ավելի է ամրապնդվելու, և մենք միասին, փոխադարձ վստահությամբ, հետզհետե լուծումներ ենք տալու բոլոր այն խնդիրներին, որ ծառացած են մեր առջև: Եվ մենք վստահ ենք, որ այս փորձառու թիմը, որը չորս տարի շարունակ եղել է երևանցու կողքին և աշխատել երևանցու և Երևանի համար, հենց երևանցու հետ միասին կարող է հասնել ավելի լավ Երևան ունենալուն: Եվ հենց այս համոզմունքն է, որ վստահություն է տալիս պնդելու, որ մայիսի 5-ին երևանցին իր ձայնը կտա փորձառու, աշխատող ու իր աշխատանքով երևանցու և Երևանի հանդեպ ունեցած սրտացավությունն ու նվիրումն ապացուցած թիմին, որի հետ միասին էլ երևանցին կկառուցի իր մեծ տունը՝ մեր սիրելի Երևանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով նաև 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը, Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այդ շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկն արդեն տրված է, և առաջիկա տարիներին ևս գործընթացը լինելու է շարունակական:

Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների իրականացմանը` Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ ծրագրերի մեկնարկը ևս արդեն տրված է և առաջիկա տարիներին արդյունքներն էլ ավելի նկատելի կդառնան. «Հայ օջախը մշտապես աչքի է ընկել իր մաքրությամբ և մաքրասիրությամբ: Ու քանի որ Երևանն էլ մեր բոլորի մեծ տունն է, այդ տան մաքրությամբ էլ մենք բոլորս պետք է աչքի ընկնենք: Եվ համոզված եմ, որ միասին իրականում մենք կկարողանանք ապահովել այդ մաքրությունը: Ընդ որում, մենք մեր նոր ծրագրերում ներառել ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մեքենաների ձեռքբերում, որոնցով կկարողանանք ինչպես մայրաքաղաքի աղբահանությունը, այնպես էլ փողոցների ու բակերի մաքրությունն ու ձյան մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնել: Բացի այդ, նախատեսում ենք նաև կառուցել աղբավերամշակման գործարան: Եվ վստահ ենք, որ հաջորդ չորս տարիներին մեր սիրելի քաղաքն իր մաքրությամբ ևս աչքի կընկնի ու կփայլի, ինչպես ավանդական հայ օջախը»,- նշել է Տարոն Մարգարյանը: