38

Նախընտրական հանդիպումներ Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ

30/04/2013

«Վստահեցնում եմ, որ մեր փորձառու թիմը, ստանալով ձեր վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով ու սրտացավությամբ, հոգատար տանտիրոջ նման աշխատել հանուն Երևանի ու երևանցու». Տարոն Մարգարյան

«Ոչ թե խոսքով կամ խոստումներով, այլ գործով, Երևանի և երևանցու հանդեպ ամենօրյա հոգատարությամբ ենք ապացուցել մեր սերն ու նվիրումը այն քաղաքի նկատմամբ, որը բոլորիս մեծ տունն է, մեր սրտի մայրաքաղաքը: Անցած տարիների ընթացքում մեր քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերումը համարել ենք մեր անձնական հաղթանակն ու ևս մեկ անգամ համոզվել, որ հենց անմնացորդ նվիրումով է հնարավոր ունենալ այն, ինչը գուցե ինչ-որ ժամանակ նաև երազանք է եղել: Եվ համոզված եղեք, սիրելի երևանցիներ, որ այդ ամենում շատ մեծ դերակատարում է ունեցել նաև ձեզանից յուրաքանչյուրը՝ իր խորհրդով, դիտողությամբ և առաջարկներով»:

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ ավելի լավ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի հիմքը կայուն զարգացման փուլ թևակոխած այսօրվա Երևանն է. «Չորս տարի առաջ ձեր վստահությամբ մեր թիմը ստանձնեց Երևան քաղաքի տնտեսության կառավարման պատասխանատվությունը և օր ու գիշեր հետևողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ, բազում խնդիրներ լուծեց, կյանքի կոչեց բազում ծրագրեր ու բազում նոր ծրագրերի հիմք դրեց: Այս չորս տարիների ընթացքում մեր թիմը, մշտապես շփվելով  մեր բնակիչների հետ, բացահայտեց շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծում էին ենթադրում, ու մենք, դարձնելով դրանք օրակարգային հարցեր, կարողացանք հետզհետե լուծումներ տալ դրանց մի մասին: Բոլորդ եք եղել օրեցօր ծաղկող, կանաչապատվող, մաքրվող ու բարեկարգվող Երևանի ականատեսը: Ու վստահ եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, որ կարճ ժամանակում հնարավոր չէր լուծել բոլոր ծառացած խնդիրները: Ինչ խոսք, մենք հետևողականորեն կլուծենք նաև բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս մնում են ծառացած Երևանի ու երևանցու առջև, ուղղակի դրա համար անհրաժեշտ է ժամանակ և ձեր վստահությունը այն թիմին, որը գործով է ապացուցել իր նվիրվածությունն ու ծառացած խնդիրները լուծելու հաստատակամությունը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Համայն հայության մայրաքաղաքն այսօրվա և ապագայի երևանցունն է, վստահ է Տարոն Մարգարյանը: Եվ երևանցու յուրաքանչյուր օրն ավելի բարեկեցիկ, ապահով ու հարմարավետ դարձնելու նպատակով, նոր ծրագրերի հիմքում դրվել է հենց երևանցու ավելի լավ Երևան ունենալու պահանջն ու սպասելիքը. «Երևանը մեր մեծ տունն է, և մենք միասին պետք է կառուցենք մեր մեծ տունը, մեր սրտի մայրաքաղաքը, մեր բոլորի երազած քաղաքը: Ու մենք միասին անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ կարողանանք մեր մատաղ սերնդին փոխանցենք ավելի լավ Երևան: Ունենալով ձեր վստահությունն ու հավատը`մենք ձեզ հետ միասին, փոխադարձ վստահությամբ, անպայման կկառուցենք այն Երևանը, որն ուզում է տեսնել Երևանը սիրող յուրաքանչյուր երևանցի», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանցիների սրտի մայրաքաղաքը գալիք չորս տարիներին ևս կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները. «Մենք եկել ենք խնդրելու ձեր վստահության քվեն, որ շարունակենք ու ավարտին հասցնենք այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն իսկ տվել ենք: Եվ այդ բոլոր ծրագրերի հիմքում հենց ձեր առաջարկներն ու սպասելիքներն են, սիրելի երևանցիներ: Չորս տարի շարունակ, լինելով երևանցու կողքին, տեղեկանալով նրա դարդ ու ցավին, մենք փորձել ենք հնարավորին արագ լուծումներ տալ նրանց կողմից առաջադրված առաջնային խնդիրներին: Բայց դեռևս մնացել են բազում խնդիրներ, որոնց լուծումները, անշուշտ, ևս կտրվեն: Ուղղակի պետք է գիտակցենք, որ ընդամենը չորս տարում 25 տարիների ընթացքում կուտակված խնդիրները միանգամից լուծել հնարավոր չէր, ու հենց դրա համար է, որ եկել ենք հերթական անգամ խնդրելու ձեր վստահության քվեն` վստահեցնելով, որ իր աշխատանքով Երևանի ու երևանցու հանդեպ անշահախնդիր սերն ապացուցած մեր փորձառու թիմը, ձեզ հետ միասին, հետզհետե կլուծի ծառացած բոլոր խնդիրները», - նշել է Տարոն Մարգարյանը: