Նախընտրական հանդիպումներ Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ
11/04/2013
<<Մեր խնդիրն է պահպանել Երևանի ճարտարապետական դեմքը>>. Տարոն Մարգարյան
Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկա տարիներին, որպես գերխնդիր, հստակ քաղաքականություն է իրականացվելու հարուստ պատմություն ու մշակութային ժառանգություն ունեցող Երևանի ճարտարապետական դեմքը պահպանելու ուղղությամբ. <<Մեր ծրագրում առանձին տեղ ենք հատկացրել Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանմանը: Վերջին 10 տարիների ընթացքում բազում խնդիրներ են կուտակվել այս մասով, և մենք արդեն նախապատրաստել ենք փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը, որը, օրենքի ուժ ստանալով, թույլ կտա մեզ ավելի խիստ վերահսկողություն իրականացնել նոր կառուցապատումների ուղղությամբ: Այդ օրենքով մենք կբացառենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, որը կհակասի մայրաքաղաքի ճարտարապետությանը: Ավելի լավ Երևան ունենալու համար մենք պետք է հինը պահպանելով` նորովի առաջ շարժվենք>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով որ այս կերպ նոր որակ, նոր ոճ ու նոր լիցքեր կհաղորդվի մեր հնամենի ու նորօրյա մայրաքաղաքին:
Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի հիմքը՝ կայուն զարգացման փուլ թևակոխած այսօրվա Երևանն է: <<Ստանձնելով Երևանի տնտեսության կառավարման պատասխանատվությունը` մեր թիմն անցած չորս տարիների ընթացքում իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է աշխատել և կարող է կրկնապատկել աշխատանքների ծավալները: Վստահեցնում եմ, որ մեր փորձառու թիմը, ստանալով ձեր վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով ու սրտացավությամբ, հոգատար տանտիրոջ նման աշխատել հանուն Երևանի ու երևանցու: Ես շնորհակալություն եմ հայտնում երևանցիներին մեզ աջակցելու և մեզ հետ համատեղ Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալու համար: Առաջիկա չորս տարիներին ևս քաղաքապետարան-վարչական շրջան-բնակիչ համատեղ սրտացավ աշխատանքի արդյունքում կկարողանանք լուծում տալ նաև Երևանի ու երևանցու առջև ծառացած մյուս խնդիրներին նույնպես>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպումների ավարտին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Արաբկիրի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն՝ օր առաջ ավելի լավ Երևան ունենալու հաստատակամությամբ: