35

Նախընտրական հանդիպումներ Ավան վարչական շրջանի բնակիչների հետ

29/04/2013

 «Մենք, որ ծառայել ու ծառայում ենք Երևանին ու երևանցուն, երբևէ չենք խուսափել լինել մեր համաքաղաքացիների կողքին, տեղեկանալ նրա դարդ ու ցավին և փորձել լուծումներ տալ դրանց». Տարոն Մարգարյան


«Ավանն իմ փոքր տունն է, ու ես այսօր իմ փոքր տանն եմ, իսկ Երևանը մեր բոլորի մեծ տունն է, սիրելի օջախը, որի բարեկեցությունն օր առաջ լիարժեք դարձնելը մեր բոլորի պարտքն է: Եվ ես վստահ եմ, որ ինչպես 8 տարի շարունակ միասին, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ կառուցեցինք մեր փոքր տունը, այնպես էլ միասին ու ավելի մեծ եռանդով կկառուցենք մեր բոլորի երազած ավելի լավ Երևանը»:

Ավան վարչական շրջանի բնակիչների հետ իր հինգ զավակներից երկու ավագ որդիների հետ նախընտրական հանդիպման եկած Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ  շնորհակալություն հայտնելով ավանցիներին իրեն բազմիցս վստահելու և մշտապես սատար լինելու համար, ընդգծել է, որ հենց Ավանում ձեռք բերած աշխատանքային փորձն ու կառավարման հմտություններն են հնարավորություն տվել իրեն կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ գրանցել նաև ողջ Երևանում. «Այսօր հերթական անգամ եկել եմ իմ շնորհակալությունը հայտնելու բոլորիդ, իմ սիրելի ավանցիներ, որ այս տարիներին վստահելով ինձ ու մշտապես լինելով իմ կողքին, հնարավորություն եք տվել ձեզ հետ միասին հասնելու այն հաջողություններին, որով այսօր հպարտանում ենք բոլոր ավանցիներով: Այո, հենց այստեղ եմ ձեռք բերել այն փորձառությունը, որով և շարունակում եմ անցնել իմ ճանապարհը: Փորձառություն, որը ձեռք է բերվել ձեզանից յուրաքանչյուրի բարի խորհուրդներով, ձեզանից սովորելով ու ձեզ հետ միասին մեր նպատակներն ու երազանքները կյանքի կոչելով: Ու ես հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ ու շարունակում եմ մնալ ձեզանից մեկը, շարունակում եմ ապրել ու դեռ ապրելու եմ հենց ձեր կողքին, ձեզ հետ ու միշտ հաշվետու եմ լինելու ձեզ այն վստահության համար, որ մշտապես տվել եք ինձ: Այս անգամ էլ եկել եմ իմ թիմով հաշվետու լինելու այն չորս տարիների կատարած աշխատանքի համար, որ կատարեցինք՝ ստանալով Երևան քաղաքի տնտեսության կառավարման համար ձեր վստահության քվեն: Եվ այդ ողջ ընթացքում, մշտապես առաջնորդվելով մեր բնակիչների հետ անմիջական շփումներով ամրագրել առաջնահերթություններն ու ըստ այդմ նախանշել լուծումներ սկզբունքով, երբևէ չխախտեցինք այն ու հենց դրա շնորհիվ էլ գրանցեցինք շատ որոշակի հաջողություններ: Այդ սկզբունքը ևս Ավանից ինձ բաժին հասած փորձառության արդյունքն էր ու, վստահ եղեք, որ այն լինելու է շարունակական»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Մայրաքաղաքի տնտեսության բոլոր ոլորտներում համաչափ զարգացումը սահմանելով որպես հիմնական գերակայություն, Տարոն Մարգարյանն իր գործունեության առաջին իսկ օրից սահմանեց հստակ աշխատակարգ, համաձայն որի` Երևանի բոլոր վարչական շրջաններում սկիզբ առան համաչափ զարգացմանն ուղղված հստակ ու նպատակային ծրագրերը: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով մայրաքաղաքի հատկապես վերջին շրջանի նշանակալի ձեռքբերումները, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ թիմը, հերթական անգամ ստանալով երևանցիների վստահության քվեն, առաջիկա տարիների ընթացքում ևս կշարունակի աշխատել նույն հոգատարությամբ, սրտացավությամբ ու նույն աշխատակարգով. «Մեր փորձառու թիմը պատրաստ է շարունակել օր ու գիշեր աշխատանքով ապահովել Երևանի համաչափ զարգացումը՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում Ավանի նման բարեկարգ բակեր ու հանգստի գոտիներ ունենալու համար: Եվ սրանք խոստումներ չեն, լոկ խոսքեր չեն, մենք աշխատանքով ենք ապացուցել, որ մեր թիմը կարող է անել դա: 8 տարի շարունակ դուք, սիրելի ավանցիներ, բազմիցս համոզվել եք դրանում՝ հենց ձեր աչքի առաջ տեսնելով օր օրի ծաղկող Ավանը: Եվ միշտ հպարտացել եք, որ ավանցի եք ու երբևէ չեք ձգտել փոխարինել Ավանը մեկ այլ վարչական շրջանով: Ու վստահեցնում եմ ձեզ, որ ողջ Երևանում է լինելու նույն պատկերը, քանի որ համոզված եմ, ձեր վստահությամբ ու ձեզ հետ միասին մենք անպայման կկառուցենք այնպիսի Երևան, որով կհպարտանա յուրաքանչյուր երևանցի: Բոլորիս պարտքն է մեր մատաղ սերնդին փոխանցել ավելի լավ Երևան, ու մենք անպայման կանենք դա, ձեզ հետ միասին, ձեր վստահությամբ ու հավատով: Ու վստահ եմ, որ մայիսի 5-ին ավանցին իր ձայնը կտա այն թիմին, որը ոչ թե խոսքով ու խոստումներով, այլ գործով է ապացուցել, որ ինքն իսկապես ծառայել է Երևանի իրական տիրոջը՝ երևանցուն, ու պատրաստ է շարունակել ծառայել այնքան ժամանակ, որքան կկամենա երևանցին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 


Խոսելով արդեն կյանքի կոչված քառամյա աշխատանքներից, ինչպես նաև նոր ծրագրերից, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ համայն հայության սրտի մայրաքաղաք Երևանը թևակոխել է կայուն զարգացման փուլ, և գալիք տարիների ծրագրերը ևս ուղղված են լինելու զարգացման այդ տեմպերի պահպանմանն ու ամրապնդմանը: