Նախընտրական հանդիպումներ Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ
20/04/2013
«Ավելի կանաչ Երևան ունենալու, մայրաքաղաքի համար թոքերի դեր կատարող անտառաշերտերի և այգի-պուրակների քանակն ու ծավալն ավելացնելու ուղղությամբ գալիք տարիներին իրականացնելու ենք նոր ծրագրեր». Տարոն Մարգարյան
«Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով վերջին տարիներին մենք լուրջ քայլեր ենք կատարել մայրաքաղաքում: Կասկածից վեր է, որ այս հարցում բոլորիս ցանկությունն ու նպատակը մեկն է. վերականգնել մեր երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը: Եվ վստահ եմ, որ սրտացավ ու նվիրված աշխատանքով և բոլոր երևանցիներիս ջանքերով մի քանի տարի անց մենք կհասնենք այդ արդյունքին»:
Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում աստիճանաբար լուծում կստանան նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները.
«Բոլորս ենք հիշում, թե որքան կանաչ տարածքներ ուներ մեր մայրաքաղաքը դեռևս 30 տարի առաջ: Հատկապես անկախության առաջին տարիներին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Երևանը կորցրեց իր երբեմնի հպարտությունը հանդիսացող կանաչ տարածքների զգալի մասը: Եվ հետագա տարիներին մայրաքաղաքի կանաչ տարածքների վերականգնման, անտառային շերտի, այգիների և պուրակների ավելացման խնդիրը դարձավ քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից մեկը: Հատկապես վերջին չորս տարիների ընթացքում մեր թիմի կողմից մայրաքաղաքի կանաչապատման խնդիրը մշտապես եղել է օրակարգային: Եվ այս ուղղությամբ զգալի աշխատանքներ արդեն իսկ արվել են: Ընդլայնվել է Երևանի քաղաքային տնկարանը, կառուցվել է նոր ջերմատուն: Ստեղծվել և վերականգնվել են թվով 18 զբոսայգիներ և պուրակներ: Նորոգվել և ընդլայնվել է ոռոգման ցանցը, շուրջ 20 հեկտարով ավելացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, 61 հեկտարով ավելացել է խոտածածկը, ձևավորվել են նոր սիզամարգեր: Այս ամենը, անշուշտ, խոսում է այն մասին, որ մենք զգալի աշխատանք տարել ենք այդ ուղղությամբ, ինչը սակայն դեռևս բավարար չէ, և ցանկալի արդյունքին հասնելու համար դեռ անելիքներ ունենք: Ստանալով ձեր վստահության քվեն` գալիք չորս տարիներին էլ շարունակելու ենք ավելացնել Երևանի կանաչ տարածքները, ընդլայնել ոռոգման ցանցը, որոնք մեզ համար առաջնային են: Շարունակելու ենք վերականգնել կանաչ տարածքներն ու դրան զուգահեռ հիմնադրել նաև նոր այգիներ, անտառ-պուրակներ և զբոսայգիներ: Իրականացնելու ենք նաև անտառպուրակային վերականգնման խոշոր ծրագիր, որն ընդգրկելու է Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքները, Հաղթանակի զբոսայգին և Ծիծեռնակաբերդը: Ի դեպ, մեր երևանցիների ձեռքը թեթև է, և մեր տնկած ծառերը միշտ կպնում են: Ու սա ևս մեկ ուժեղ փաստարկ է, որ մենք միասին, հաստա՛տ, կկարողանանք ունենալ ավելի կանաչ, ավելի մաքուր ու ավելի լավ Երևան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խոսելով արդեն կյանքի կոչված քառամյա աշխատանքներից, ինչպես նաև նոր ծրագրերից, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համայն հայության սրտի մայրաքաղաք Երևանը թևակոխել է կայուն զարգացման փուլ, և գալիք տարիների ծրագրերը ևս ուղղված են լինելու զարգացման այդ տեմպերի պահպանմանը. «Ինձ համար հոգեհարազատ են բոլոր բակերը, բոլոր թաղամասերն ու վարչական շրջանները: Մենք պետք է ունենանք ավելի լավ բակ, պետք է ունենանք ավելի լավ վարչական շրջան, որ ունենանք ավելի լավ Երևան: Եվ վստահ եմ, որ համատեղ ու սրտացավ աշխատանքի շնորհիվ, ձեր վստահությամբ ու աջակցությամբ, մենք անպայման կունենանք մեր երազած ավելի լավ Երևանը»,- նշել է Տարոն Մարգարյանը: