40

Նախընտրական հանդիպումներ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ

02/05/2013

 «Ես վստահ եմ, որ մայիսի 5-ին երևանցիներն իրենց ձայնը կտան փորձառու այն թիմին, որը, մշտապես լինելով երևանցիների կողքին, ոչ թե լսելով, այլ տեղում է ծանոթացել երևանցու հոգսերին, դարդ ու ցավին, գիտի ու պատրաստ է լուծումներ տալ Երևանի ու երևանցու առջև ծառացած խնդիրներին». Տարոն Մարգարյան

«Երևանի ամեն վաղվա օրը պետք է տարբերվի նախորդ օրվանից ու պետք է լինի ավելի լավը: Սա է մեր ծրագրի հրամայականը, երևանցու պահանջն ու սպասելիքը: Հավատացեք, որ միասին կարող ենք ավելի լավ թաղամասեր, ավելի լավ վարչական շրջան ու ավելի լավ Երևան ունենալ: Եվ սրան կարող ենք հասնել փոխադարձ վստահության շնորհիվ, ինչի հիմքերն արդեն իսկ դրել ենք»:  Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն այսօր Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ էր:

Անդրադառնալով նախընտրական ծրագրերում տեղ գտած անելիքներին` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ  քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի հիմքում էլ ավելի լավ Երևան ունենալն ու երևանցու համար հարմարավետության ապահովումն է: Այս հստակ դիրքորոշմամբ էլ թիմը շարունակելու է այն ծրագրերը, որոնց հիմքը դրվել էր դեռևս չորս տարի առաջ. «Չորս տարի առաջ, ձեր վստահությամբ, մեր թիմը ստանձնեց Երևան քաղաքի տնտեսության կառավարման պատասխանատվությունը: Այդ չորս տարիների ընթացքում թիմի կողմից օր ու գիշեր, սրտացավ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչվեցին բազում ծրագրեր, ինչպես նաև շատ ծրագրերի հիմքեր դրվեցին: Այդ չորս տարիների ընթացքում մեր թիմը՝ ժողովրդի հետ անմիջական շփումների արդյունքում, լսելով ու ծանոթանալով նրանց համար առաջնահերթ խնդիրներին, փորձեց գոնե մասամբ լուծում տալ դրանցից շատերին ու մնացած մասն էլ ներառել մեր նոր ծրագրերում: Մենք միշտ ենք եղել մեր բնակիչների կողքին, լսել ենք խորհուրդները, դիտողություններն ու փորձել ենք հնարավորին արագ լուծում տալ մեր քաղաքացիների օրակարգային խնդիրներին: Եվ միշտ հաշվետու ենք եղել մեր արածի ու չարածի համար: Այսօր էլ մեր նոր ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ, հաշվետվություն ենք տալիս ձեզ՝ նախորդ չորս տարիներին ձեր վստահությամբ կատարած աշխատանքի համար: Բոլորդ էլ այս չորս տարիներին տեսել եք մեր կատարած աշխատանքը, մեր սրտացավությունն ու հոգատարությունը ինչպես ձեր, այնպես էլ մեր սիրելի Երևանի հանդեպ: Մի բան ակնհայտ է. Երևանը, որ մեր մեծ տունն է, մենք պետք է միասին կառուցենք, քարը քարին դնելով, փոխադարձ վստահությամբ ու հավատով, որ վաղը ունենանք ավելի լավ Երևան: Երևանցին է Երևանի տերը, մենք ծառայում ենք մեր բնակիչներին և եկել ենք խնդրենք ձեր վստահության քվեն, ձեր թույլտվությունը, որ շարունակենք կիսատ թողած գործն ու ավարտին հասցնենք այն բոլոր ծրագրերը, որոնց սկիզբ ենք տվել հենց երևանցու ցանկությամբ ու առաջարկով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` թիմի փորձառությունը կայանում է հենց նրանում, որ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով, այլ գործով է ապացուցել երևանցու հանդեպ իր հոգատարությունն ու սրտացավությունը: Եվ որ ամենակարևորն է` երևանցիների հետ անմիջական շփումների, համատեղ աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ, թիմը կարողացել է հասնել շոշափելի  արդյունքների. «Վստահ եմ, որ երևանցին իր ձայնը տալու է այն փորձառու թիմին, որը եղել է երևանցու կողքին, ոչ թե խոստումներով այլ աշխատանքով, ոչ թե խոսքով, այլ ապրելով իրենց դարդ ու ցավով ու դրանց լուծումներ տալով: Մենք երբևէ չենք խուսափել առերես հանդիպել ու շփվել ժողովրդի հետ, լսել նրանց արդարացի դժգոհությունները, դիտողություններն ու խորհուրդները: Ավելին, ես համոզված եմ, որ հենց այդ ճանապարհով է միայն հնարավոր արդյունավետ լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր առաջ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այդ խնդիրների մեծ մասը կուտակվել են 20-25 տարիների ընթացքում և բնական է, որ ընդամենը չորս տարում դրանք շտկել հնարավոր չէր: Եվ ընդհանրապես, պետք չէ խուսափել թերությունների մասին խոսելուց, քանի որ դրանք շտկելու միակ ճիշտ ճանապարհը այդ մասին հնարավորին շուտ իմանալն ու դրանք վերացնելու ուղղությամբ հստակ ու ժամանակին քայլեր ձեռնարկելն է: Այս հարցում իմ կարծիքը եղել և մնում է նույնը. պետք է հետզհետե ավելի ու ավելի խորացնել քաղաքապետարան-քաղաքացի կապն ու ամրապնդել փոխադարձ վստահությունը, որպեսզի բոլորս միասին կառուցենք մեր երազած Երևանը: Այն Երևանը, որը կլինի ավելի կանաչապատ, ավելի բարեկարգ, ավելի մաքուր, լուսավոր ու հարմարավետ: Երևանցին միշտ եղել է հպարտ և հենց այդ հպարտությամբ էլ շարունակելու ենք հանուն մեր սիրելի քաղաքի անել հնարավորը, որ օր առաջ ունենանք մեր երազած մայրաքաղաքը: Ու, համոզված եղեք, սիրելի երևանցիներ, ձեր վստահությամբ և մեր բոլորի համատեղ աշխատանքով, մենք անպայման կկրկնապատկենք երևանցու հպարտությունն ու ոչ միայն ավելի լավ Երևան, այլ աշխարհի ամենալավ մայրաքաղաքը կունենանք»,- նշել է Տարոն Մարգարյանը: