12

Նախընտրական հանդիպումներ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ

10/04/2013

<<Մեր հիմնանպատակներից մեկն էլ Երևանի համաչափ զարգացումն է>>. Տարոն Մարգարյան

 

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ դրանց հիմքում մայրաքաղաքի համաչափ զարգացումն է, ինչն առաջիկա տարիներին ևս լինելու է իր աշխատանքային օրակարգի առաջնահերթությունների շարքում. <<Վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու ուղղությամբ մենք լուրջ քայլեր ենք կատարել, ինչը կհաստատեք նաև դուք: Կար ժամանակ, երբ ներդրումները հիմնականում իրականացվում էին քաղաքի կենտրոնում, սակայն, ինչպես տեսնում եք, վերջին տարիներին ու, հատկապես, անցած մեկ տարվա ընթացքում, ինչպես քաղաքային տարբեր ծրագրերով, այնպես էլ մասնավոր ներդրումներով զգալի աշխատանքներ ենք իրականացրել հիմնականում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում: Սիրելի էրեբունցիներ, այսօր հետագա չորս տարիների համար խնդրելով ձեր վստահության քվեն, մեր փորձառու թիմը, ըստ էության, սկսածը ձեզ հետ միասին ավարտին հասցնելու բոլորիս ցանկությունն է ուզում դարձնել իրականություն: Դուք բոլորդ արդեն իսկ համոզվել եք, որ մենք ոչ թե խոստումներով, այլ գործով ենք ապացուցում մեր սերն ու անմնացորդ նվիրումը երևանցու և Երևանի հանդեպ: Եվ վստահ եմ, որ դուք ձեր իսկ անձնական փորձով արդեն իսկ համոզվել եք, որ հեռու չէ այն օրը, երբ էրեբունցին իր հանգիստը կազմակերպելու համար էլ Կենտրոն վարչական շրջան չի գնա: Էրեբունցին հենց իր վարչական շրջանում կունենա հարմարավետ այգիներ ու պուրակներ, բարեկարգված բակեր ու հանգստի գոտիներ: Եվ ոչ միայն Էրեբունիում, այլ ընդհանրապես մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կունենանք նույն պատկերը: Մենք վստահ ենք, որ ձեզ հետ միասին այս ծրագրերը ևս կյանքի կկոչենք>>,- նշել է Տարոն Մարգարյանը: 

 

Անդրադառնալով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքներին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչման գրավականը եղել ու մնում է բնակիչների հետ մշտապես սերտ համագործակցությունը: Նա նաև հատկանշել է, որ ավելի լավ Երևան ունենալու համար ևս պետք է լսել բնակիչների բարձրացրած հարցերը, ծանոթանալ նրանց հոգսերին ու հետզհետե լուծում տալ դրանց. <<Մենք երբևէ չենք խուսափել բնակչի հետ անմիջական շփվելուց: Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է. մենք պետք է գնանք քաղաքացու հետ հանդիպման ու տեղում ծանոթանանք նրա հոգսերին, դարդ ու ցավին, այլ ոչ թե նամակով կամ այլ եղանակով տեղեկանանք երևանցուն հուզող խնդիրների մասին: Եվ հենց այդ պարբերական շրջայցերի ու երևանցիների հետ ունեցած իմ անմիջական շփումների շնորհիվ է, որ բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև հենց քաղաքացիների կողմից առաջարկվող տարբերակներով, լուծում են ստացել: Ավելի լավ Երևանը յուրաքանչյուրիս համար պետք է սկիզբ առնի մեր բակից, մեր թաղամասից ու վարչական շրջանից: Եվ մայրաքաղաքի համաչափ զարգացումը հռչակելով որպես հիմնանպատակ, մենք մեր ամենօրյա սրտացավ ու նվիրված աշխատանքով, ձեզ հետ միասին, կփորձենք օր առաջ ունենալ մեր բոլորի երազած ավելի լավ Երևանը>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Հանդիպումների ավարտին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Էրեբունու բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն:

Բնակիչներն էլ իրենց հերթին, առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Տարոն Մարգարյանին, ընդգծել են, որ անցած տարիներն արդեն իսկ ապացուցել են, որ Երևանն ու երևանցին ապահով և վստահելի ձեռքերում են: