25

Նախընտրական հանդիպումներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ

19/04/2013

«Մայրաքաղաքը սպասարկող հիմնական զարկերակները՝ փողոցներն ու ճանապարհները, անհրաժեշտ է մշտապես վերանորոգել, բարեկարգել ու ավելացնել». Տարոն Մարգարյան


«Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա վիճակը և աճի միտումները` Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվեցին նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ` նպատակ ունենալով դրանց շնորհիվ էականորեն բարելավել երթևեկության վիճակը>>: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս կշարունակվեն ոլորտի արդեն իսկ սկիզբ առած լայնածավալ աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքում կընդլայնվի նոր ճանապարհների ցանցը, կկառուցվեն մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհներ ու տրանսպորտային նոր հանգույցներ. <<Վերջին երկու տարիների ընթացքում մեկնարկեցին երկու կարևորագույն ավտոճանապարհների կառուցման աշխատանքները՝ մեկը Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին, և երկրորդը, հենց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ուլնեցու փողոցը Ռուբինյանց փողոցին կապող նոր ավտոճանապարհը: Բացի այդ, քաղաքապետարանի ծրագրերով, վերջին 15-20 տարիների կտրվածքով աննախադեպ ծավալների ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում՝ մոտ 4,5 մլն քմ: Կառուցել և շահագործման ենք հանձնել թվով 14 վերգետնյա անցումներ: Եվ սա կատարածի ընդամենը մի մասն է: Անշուշտ, այս ոլորտում ևս դեռ բազում անելիքներ ունենք, որոնք ներառել ենք մեր ապագա ծրագրերում: Բացի նշված աշխատանքների մասով նախատեսված շարունակական ծրագրերը, մենք նախատեսում ենք նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների տեղաշարժն առավել հարմարավետ դարձնելու նպատակով ավելացնել թեքահարթակների քանակը: Կրկնապատկելու ենք վերգետնյա և ստորգետնյա անցումների թիվը: Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման նպատակով շարունակելու ենք կառուցել տրանսպորտային նոր հանգույցներ, մայրուղիներ և քաղաքի կենտրոնը բեռնաթափող շրջանցիկ ճանապարհներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի զարգացման ծրագրերի հիմքում այսօր դրվում են նաև երևանցիների կողմից բարձրացվող խնդիրներն ու առաջարկները, ինչն էլ ավելի առարկայական և շոշափելի է դարձնում կատարած աշխատանքի արդյունքը, ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ քաղաքապետարան-բնակիչ հաջողված ու արդյունավետ աշխատաոճի շարունակականության ապահովմամբ, ավելի լավ Երևան կփոխանցեն ապագա սերունդներին: «Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը: Եվ մենք, որ ծառայել ու ծառայում ենք Երևանին ու երևանցուն, երբևէ չենք խուսափել լինել մեր համաքաղաքացիների կողքին, տեղեկանալ նրա դարդ ու ցավին և փորձել լուծումներ տալ դրանց: Ու նաև հաշվի առնելով, որ ես էլ ձեզանից մեկն եմ, համոզված եմ, որ միասին պետք է կառուցենք այն ավելի լավ Երևանը, որը հպարտորեն կկարողանանք փոխանցել մեր գալիք սերունդներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:     


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը որպես հիմնանպատակ առանձնացրել է նաև մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումը, որն իր գործունեության առաջին իսկ օրից դարձել է հստակ աշխատակարգ. «Այս ուղղությամբ ձեռքբերված մեր փորձը պետք է փոխանցենք նաև վարչական շրջաններին, որպեսզի լիարժեքորեն ապահովվի մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Մեզ համար գերնպատակ է յուրաքանչյուր վարչական շրջանում ունենալ հանգստի յուրովի կենտրոններ, որպեսզի յուրաքանչյուր վարչական շրջանի բնակիչ հենց իր վարչական շրջանում կազմակերպի ու անցկացնի իր ժամանցը: Երեխաները կրթություն ստանան իրենց վարչական շրջանի մշակույթի տանը, վերանորոգված դպրոցում, արվեստի դպրոցում: Եվ մենք վստահ ենք, որ մեր փորձառու թիմով կկարողանանք այդ ամենը կյանքի կոչել»,- նշել է Տարոն Մարգարյանը:  


Ներկայացնելով նոր անելիքներն ու ծրագրերը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ավելի լավ Երևան ունենալուն ուղղված բոլոր քայլերը միտված են լինելու բարելավել յուրաքանչյուր երևանցու կենցաղն ու Երևանի յուրաքանչյուր անկյունում ստեղծել մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ. «Մեր նոր ծրագրերը լոկ խոսքեր չեն, անիրատեսական խոստումներ չեն: Դրանք բոլորը հիմնված են աշխատանքային փորձի վրա, որը անցած չորս տարիների ընթացքում եղել է ձեր բոլորի աչքի առաջ: Քարը քարին դնելով, օր ու գիշեր սրտացավ աշխատանքով փորձել ենք կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որ խոստացել էինք ձեզ: Բոլորիս համար է ակնհայտ, որ 20 տարվա ընթացքում կուտակված խնդիրներն ընդամենը չորս տարում լուծելն ուղղակի անհնար է, բայցև մենք արել ենք հնարավորը, որպեսզի դրանց վրա նորերը չկուտակենք ու հետզհետե լուծում տանք նաև կուտակված այդ խնդիրներին: Այսօր, խնդրելով ձեր վստահության քվեն, ուզում եմ համոզված լինեք, որ հաջորդ չորս տարիների ընթացքում ևս մենք շարունակելու ենք լուծել ձեր կողմից առաջադրված առաջնահերթ խնդիրները: Ու նաև վստահ ենք, որ մայիսի 5-ին երևանցին իր ձայնը տալու է ոչ թե խոստումներին, այլ չորս տարիների կատարած գործին»,-նշել է Տարոն Մարգարյանը: