43

Նախընտրական հանդիպումներ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ

03/05/2013

«Ավելի լավ Երևան ունենալուն միտված ծրագրերի մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ սկիզբ առած աշխատանքների շարունակականությունն են ապահովելու, որոնք իրենց հիմքում կրել ու կրելու են Երևանը օր առաջ էլ ավելի բարեկարգ ու հարմարավետ տեսնելու յուրաքանչյուր երևանցու երազանքը». Տարոն Մարգարյան


Երևանի ավագանու նախընտրական քարոզչության վերջին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: Ամփոփելով քարոզարշավի արդյունքները` Տարոն Մարգարյանը նշել է, որ այս օրերին բնակիչների հետ ունեցած անմիջական շփումները մեկ անգամ ևս փաստել են, որ անցած տարիներին իրականացված ծրագրերի արդյունքներն ու Երևանի հետագա զարգացման ուղին նախանշող ծրագրերը հիմնականում երևանցիների սրտով են. «Այսօր մենք թիմով այստեղ ենք հաշվետու լինելու չորս տարիների ընթացքում կատարած մեր աշխատանքի համար ու ներկայացնելու այն ծրագրերը, որոնք, ստանալով ձեր վստահության քվեն, կարող ենք կյանքի կոչել առաջիկա չորս տարիներին: Վստահ եմ, որ անցած չորս տարիների ընթացքում Երևանում կատարված աշխատանքների արդյունքները բոլորդ եք տեսել, ու, համոզված եմ, նաև գնահատել: Իրականում մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել այդ ընթացքում, ինչը սակայն չի նշանակում, թե այլևս խնդիրներ չկան: Ցավոք դեռևս առկա խնդիրները բազում են, և դա բնական է, քանի որ դրանք շուրջ 25 տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, ինչը բնականաբար հնարավոր չէր ամբողջությամբ լուծել չորս տարիների ընթացքում: Սակայն նաև փաստ է, որ օր ու գիշեր սրտացավ ու հետևողական աշխատանքով մեր թիմը փորձել է այդ խնդիրների գոնե որոշ մասին լուծումներ տալ, ու հատկապես այն խնդիրներին, որոնք մեր երևանցիների համար օրակարգային ու առաջնահերթ էին: Այդ առումով հաջողություններ միանշանակ ունեցել ենք, ինչը կփաստեք նաև դուք, քանի որ բոլոր լուծված խնդիրները եղել են ձեզ հետ մշտապես անմիջական շփման արդյունքը: Նաև այդ շփումների շնորհիվ մեր թիմը, իր համար օրակարգային դարձնելով այդ խնդիրները, դրանցից շատերը ներառեց նաև մեր նոր ծրագրերում: Անցած չորս տարիներին մենք իսկապես օր ու գիշեր ծառայել ենք Երևանին և երևանցուն ու այսօր էլ եկել ենք խնդրենք ձեր համաձայնությունը, որ շարունակենք այդ ծառայությունը: Շարունակենք, որպեսզի ձեզ հետ միասին ավարտին հասցնենք այն բոլոր ծրագրերը, որոնց մեկնարկը, ձեր հավանությամբ, արդեն իսկ տվել ենք: Եվ հիմա մեզ ընդամենն անհրաժեշտ է ժամանակ և ձեր վստահությունը, որը թույլ կտա ավարտին հասցնել ավելի լավ Երևան ունենալուն միտված մեր բոլոր ծրագրերը: Ու մենք համոզված ենք, որ դուք, սիրելի երևանցիներ, հերթական անգամ կվստահեք մեր փորձառու թիմին, քանի որ անցած չորս տարիների ընթացքում ձեր աչքի առաջ տեսել եք օր օրի զարգացող Երևանը, ավելի մաքուր, հարմարավետ ու կանաչապատ դարձող Երևանը, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ հաջորդ չորս տարիներին մենք կունենանք ավելի լավ բակ, ավելի լավ թաղամաս, ավելի լավ վարչական շրջան, ավելի լավ Երևան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդ նույն աշխատակարգով առաջնորդվելով էլ քաղաքային իշխանությունը շարունակելու է առաջադրել լուծումներ, որոնց իրականացման արդյունքում հնարավորին կարճ ժամկետում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կապահովվի հավասարաչափ զարգացում, և Երևանը կդառնա ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ ու ավելի գեղեցիկ քաղաք. «Երևան քաղաքը բոլորիս մեծ տունն է, ու մենք վստահ ենք, որ քարը քարին դնելով կարող ենք միասին կառուցել մեր մեծ տունը և ունենալ ավելի լավ Երևան: Երևանցին միշտ եղել է հպարտ ու հենց այդ հպարտությամբ էլ կկառուցի ու կպահպանի իր սիրելի տունը՝ Երևանը, և հետագայում նաև հպարտորեն մեր ապագա սերնդին կփոխանցի ավելի բարեկարգ ու ավելի հարմարավետ Երևան: Եվ ես վստահ եմ, որ փոխադարձ վստահությամբ մենք անպայման կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու կունենանք մեր բոլորի երազած Երևանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հավաստմամբ` թիմի փորձառությունը կայանում է հենց նրանում, որ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով, այլ գործով է ապացուցել երևանցու հանդեպ իր հոգատարությունն ու սրտացավությունը: Եվ որ ամենակարևորն է` երևանցիների հետ անմիջական շփումների, համատեղ աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ թիմը կարողացել է հասնել շոշափելի  արդյունքների. «Ես ձեզանից մեկն եմ և այս չորս տարիների ընթացքում փորձել եմ ապրել Երևանի ու երևանցու դարդ ու ցավով, երևանցու մատից փուշ հանելով և, որքան հնարավոր է եղել, մեր թիմով կատարել ենք այդ աշխատանքը: Կարող եք վստահ լինել, որ հաջորդ չորս տարիներին ևս երևանցիների հետ անմիջական կապն ավելի է ամրապնդվելու, ինչը թույլ կտա էլ ավելի արագ լուծումներ տալ խնդիրներին և արագ շտկել թերացումները: Մեր թիմը երբեք չի խուսափել խոստովանել, որ, այո, դեռ կան դժգոհություններ և թերացումներ, սակայն կարևորն այն է, որ մենք այս ընթացքում մշտապես լսել ենք մեր բնակիչների բարձրացրած հարցերն ու դժգոհությունները և արագ փորձել ենք դրանք լուծել կամ շտկել նկատված թերացումները: Եվ դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ առաջին հերթին հենց դրանում է արտահայտվում սիրելի քաղաքի նկատմամբ երևանցու սրտացավությունն ու քաղաքին օգնելու պատրաստակամությունը: Դա նաև նշանակում է վստահություն քաղաքային իշխանության հանդեպ, ինչն էլ ամրապնդելով, մենք միասին, անպայման կկառուցենք մեր բոլորի սիրելի Երևանը: Ու մենք վստահ ենք, որ մայիսի 5-ին երևանցին իր ձայնը կտա այն թիմին, որը այս չորս տարիներին մշտապես եղել է երևանցու կողքին, ապրել է բնակչի դարդ ու ցավով և փորձել է նրա մատից փուշ հանել: Եվ հենց այս նույն աշխատակարգով էլ մենք միասին կկառուցենք ավելի լավ Երևան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:  


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն ավարտվել է հստակ շեշտադրմամբ՝ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով օր առաջ երևանցին կունենա այն Երևանը, որի մասին երազում է: