29

Նախընտրական հանդիպումներ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ

22/04/2013

«2795-ամյա Երևանը դարերի ընթացքում ամրագրել է անխախտ ավանդույթներ, որոնք ժամանակի հետ համընթաց զարգանալու են և ավելանան». Տարոն Մարգարյան


«Հարուստ պատմություն ու մշակութային ժառանգություն ունեցող համայն հայության մայրաքաղաք Երևանը, որը նաև մշակութային կենտրոն է, տարեցտարի ավելի գրավիչ ու հարմարավետ է դառնում, ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս Երևանը պահպանելու է ձևավորված հին ու բարի ավանդույթները` էլ ավելի աշխույժ ու ջերմ դարձնելով մայրաքաղաքի մշակութային կյանքը:


«Իր յուրօրինակ կոլորիտով առանձնահատուկ մեր Երևանը նաև մշակութային քաղաք է: Եվ որպես համայն հայության մայրաքաղաք, այն նաև մշակութային կենտրոն է եղել ինչպես մեր՝ երևանցիներիս, այնպես էլ բոլոր հայերի համար: Երևանի մշակութային կյանքը միշտ էլ եղել է աշխույժ, և վերջին չորս տարիները ևս բացառություն չեն: Այդ ընթացքում քաղաքապետարանի կողմից բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել ու անցկացվել, որոնք, վստահ եմ, գեղեցիկ և հաճելի պահեր են պարգևել ինչպես երևանցիներին, այնպես էլ մեր քաղաքի հազարավոր հյուրերին՝ բարի հուշեր թողնելով մեր սիրելի Երևանի մասին: Դրանց շարքում հատկապես կառանձնացնեի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքն ու մեծ շուքով նշված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Եվ որպեսզի Երևանը մշտապես առանձնանա իր հարուստ մշակութային կյանքով, մենք նաև քայլեր ենք ձեռնարկել դրան հնարավորին նպաստելու ուղղությամբ: Անցած տարիների ընթացքում հիմնանորոգվել և ջեռուցվել են 16 մշակույթի տներ, ստեղծագործական կենտրոններ, գրադարաններ և երաժշտական դպրոցներ: Եվ այս աշխատանքները լինելու են շարունակական: Մեր նոր ծրագրերում ներառել ենք մնացած բոլոր մշակույթի տների, թանգարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, գրադարանների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև դրանց ջեռուցման հիմնախնդրի ամբողջական լուծումը: Մեզ համար միանշանակ է, որ բոլոր այդ կրթօջախները, որտեղ մեր երեխաներն են կրթվում, պետք է ապահովված լինեն հարմարավետ բոլոր պայմաններով: Մենք պարտավոր ենք Երևանը փոխանցել մշակութային լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մատաղ սերնդին, որպեսզի վստահ լինենք, որ մեր սիրելի քաղաքը կպահպանի իր մշակութային կենտրոնի համարումն ու կշարունակի ապրել հենց Երևանին հատուկ մշակութային կյանքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկա տարիներին, որպես գերխնդիր, հստակ քաղաքականություն է իրականացվելու նաև Երևանի ճարտարապետական դեմքը պահպանելու ուղղությամբ. «Մեր ծրագրում առանձին տեղ ենք հատկացրել Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանմանը: Վերջին 10 տարիների ընթացքում բազում խնդիրներ են կուտակվել այս մասով, և մենք արդեն նախապատրաստել ենք փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը, որը, օրենքի ուժ ստանալով, թույլ կտա մեզ ավելի խիստ վերահսկողություն իրականացնել նոր կառուցապատումների ուղղությամբ: Այդ օրենքով մենք կբացառենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, որը կհակասի մայրաքաղաքի ճարտարապետությանը: Ավելի լավ Երևան ունենալու համար մենք պետք է հինը պահպանելով նորովի առաջ շարժվենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ այս կերպ նոր որակ, նոր ոճ ու նոր լիցքեր կհաղորդվի մեր հնամենի ու նորօրյա մայրաքաղաքին: 


Ներկայացնելով անցած չորս տարիների ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչված ծրագրերը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանցիների սրտի մայրաքաղաքը գալիք չորս տարիներին ևս կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները, քանի որ ավելի լավ Երևան ունենալուն ուղղված նոր ծրագրերը ևս կազմվել են երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների հիման վրա. «Չորս տարի առաջ ձեր վստահության շնորհիվ ստանձնելով Երևան քաղաքի տնտեսության կառավարման պատասխանատվությունը` մեր թիմը սրտացավ ու հետևողական աշխատանքի շնորհիվ օր օրի ավելի բարեկարգ, հարմարավետ ու կանաչապատ դարձրեց մեր սիրելի քաղաքը, բազում ծրագրեր կյանքի կոչեց և բազում նոր ծրագրերի հիմք դրեց: Իրոք մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ինչի ականատեսը եղել եք նաև դուք: Բայց դա չի նշանակում, թե այլևս խնդիրներ չունենք: Խնդիրներ, անշուշտ, դեռ կան, և մեր փորձառու թիմը պատրաստ է շարունակելու դրանց հետևողական լուծումը: Փորձառությունը հենց նրանում է, որ գործով ապացուցես երևանցու հանդեպ քո հոգատարությունը, այլ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով: Անցած տարիների ընթացքում մենք գործով ենք ապացուցել, որ ձեզ հետ անմիջական շփումների և համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի  արդյունքների: Եվ մեր նոր ծրագրերը ևս կազմված են հենց ձեր կողմից առաջնային ու օրակարգային համարվող խնդիրներին լուծումներ տալու հիմքով: Երևանցին պետք է ունենա իրեն վայել Երևան, պետք է ունենա ավելի լավ բակ, ավելի կանաչապատ, լուսավոր, բարեկարգ ու հարմարավետ Երևան: Եվ վստահ եմ, որ ձեր վստահության շնորհիվ մենք օր առաջ կունենանք ավելի լավ Երևան»,- նշել է Տարոն Մարգարյանը: