Նախընտրական հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ
27/04/2013
«Մենք պատրաստակամ ենք շարունակելու ամեն դրականն ու լավը՝ բոլորիս համար ավելի լավ Երևան ստեղծելու համար». Տարոն Մարգարյան
«Ստանձնելով Երևանի տնտեսության կառավարման պատասխանատվությունը` մեր թիմն անցած չորս տարիների ընթացքում իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է աշխատել և կարող է կրկնապատկել աշխատանքների ծավալները: Վստահեցնում եմ, որ մեր փորձառու թիմը, ստանալով ձեր վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով ու սրտացավությամբ աշխատել հանուն Երևանի ու երևանցու»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ էր:
Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նոր անելիքներն ու ծրագրերը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բոլոր քայլերը միտված են լինելու ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ ու ավելի գեղեցիկ Երևան ունենալուն. «Մենք չենք եկել ձեզ խոստումներ տալու, եկել ենք հաշվետու լինելու մեր կատարած աշխատանքի համար և խնդրելու ձեր վստահության քվեն, որ շարունակենք մեր կիսատ թողած գործը, որ ծառայենք մեր Երևանին ու երևանցիներին: Մենք պատրաստ ենք կրելու այն պատասխանատու բեռը, որի արդյունքը օր առաջ երևանցու առջև ծառացած խնդիրների լուծումն է լինելու: Ես վստահ եմ, որ մենք միասին, քարը քարին դնելով, կարող ենք օր առաջ մեր սիրելի Երևանը դարձնել ավելի լավը: Մենք միշտ ենք հպարտացել, որ ապրում ենք Երևանում ու շարունակելու ենք անել ամեն ինչ, որ Երևանը դառնա ավելի հարմարավետ թե մեզ համար և թե մեր քաղաքի հյուրերի համար: Մենք մեր բոլոր հյուրերին միշտ հպարտությամբ ենք ներկայացրել մեր սիրելի քաղաքը, և վստահ եմ, որ նույն հպարտության զգացումով էլ շարունակելու ենք նրանց ներկայացնել մեր նոր ձեռքբերումները: Վստահ եմ, քանի որ հայը միշտ եղել է հրաշալի շինարար, հայը միշտ եղել է մաքրասեր, պատվախնդիր ու հենց այդ պատվախնդրությամբ էլ առաջիկա չորս տարիներին մենք միասին կանենք ամեն բան, որ մեր սրտի մայրաքաղաքը բոլորին ներկայանա իր ամբողջ հմայքով: Եվ մեր փորձառու թիմը, որը պատրաստ է ծառայելու մեր երևանցիներին, իր գործով ու փորձառությամբ, մեր քաղաքացիների հետ անմիջական շփվելով ու լսելով նրանց դժգոհություններն ու առաջարկները, կշարունակի դրանք դարձնել առաջնահերթություններ ու հետզհետե լուծումներ տալով` իրականություն կդարձնի մեր սիրելի քաղաքի հետ կապված բոլոր ցանկություններն ու ծրագրերը: Մի բան հստակ է. ուժեղ է այն թիմը, որն ընդունում է իր թերացումներն ու կարողանում է միանգամից շտկել դրանք: Եվ մենք ապացուցել ենք, որ մեր թիմը հենց այդպիսին է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով անցած տարիների ընթացքում արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ այսօրվա նախընտրական ծրագրերը ևս վաղը քաղաքային կենցաղի հարմարավետությունն ապահովող բաղադրիչ կդառնան. «Անցած չորս տարիներին հետևողական ու սրտացավ աշխատանքով մենք կարողացանք լուծումներ տալ երևանցու համար օրակարգային համարվող բազում խնդիրների, ինչը սակայն չի նշանակում, թե խնդիրներ էլ չկան: Անշուշտ, կան և դրանք քիչ չեն, բայց նաև պետք է գիտակցենք, որ դրանք 20-25 տարվա կուտակված խնդիրներ են, որոնք ընդամենը չորս տարում հնարավոր չէր ամբողջությամբ լուծել: Բայց կարևորն այն է, որ մենք հաստատակամորեն ձեռնամուխ եղանք դրանց լուծմանն ու վստահ ենք, որ բոլորն էլ հետզհետե լուծում կստանան: Կարևորը մեկնարկն էր, որը տվել ենք ու, համոզված եղեք, որ այդ աշխատանքները լինելու են շարունակական: Ես էլ ձեզանից մեկն եմ և ձեզր նման ուզում եմ օր առաջ լուծված տեսնել բոլոր խնդիրները: Ինձ համար հոգեհարազատ են բոլոր բակերը, թաղամասերն ու վարչական շրջանները, և իմ նպատակն է, որ մեր սիրելի Երևանի յուրաքանչյուր անկյունը լինի բարեկարգ ու հարմարավետ: Մեր կառուցած Երևանը մենք պետք է պարզ ճակատով թողնենք մեր երեխաներին, այն մատաղ սերնդին, որը վաղն է կերտելու մեր երկրի, մեր պետության ու մեր հարազատ քաղաքի ապագան: Եվ վստահ եմ, որ ձեզ հետ միասին մենք անպայման կունենանք այն Երևանը, որի մասին երազում ենք բոլորս»,- նշել է Տարոն Մարգարյանը: