10

Նախընտրական հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ

08/04/2013

 «Երևանը բոլորիս տունն է և պետք է աչքի ընկնի իր մաքրությամբ». Տարոն Մարգարյան

 

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները սկսել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ չորս տարի առաջ Երևանի պատմության մեջ նոր էջի սկիզբ դրվեց՝ մեկնարկ տալով աննախադեպ և բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը.  «Սիրելի երևանցիներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, չորս տարի առաջ ստանալով ձեր վստահության քվեն՝ մեր թիմը ստանձնեց Երևան քաղաքի տնտեսության կառավարումը: Այսօր մենք թիմով այստեղ ենք՝ ներկայացնելու մեր չորս տարվա կատարած աշխատանքի հաշվետվությունն ու առաջիկա անելիքները: Անցած չորս տարիների ընթացքում Երևանում իրականացվեցին բազում ծրագրեր, նաև շատ ծրագրերի հիմքը դրվեց, որոնք կյանքի են կոչվելու ժամանակի ընթացքում: Եվ վստահ եղեք, որ դրանք անպայման կյանքի կկոչվեն օր ու գիշեր սրտացավ աշխատանքի արդյունքում: Մենք միշտ ենք հաշվետու եղել ձեր առաջ և նույն ձևով, սիրելի երևանցիներ, պատրաստ ենք ձեզ հետ միասին շարունակելու մեր աշխատանքը: Երևանցուն հուզող առաջնային խնդիրներին մենք ծանոթացել ու ծանոթանում ենք մեր պարբերական աշխատանքային շրջայցերի ժամանակ, ինչը հնարավոր է դարձրել առաջադրվող հենց այդ խնդիրները վերածել աշխատանքային ծրագրերի ու հետզհետե լուծում տալ դրանց: Մեր նոր ծրագրերը ևս կազմված են հենց ձեր կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու հիմքով: Դրանց մեծ մասի ուղղությամբ արդեն իսկ սկսել ենք կատարել զգալի աշխատանքներ, ինչը սակայն չի նշանակում, թե այլևս խնդիրներ չկան: Անշուշտ կան, ինչի մասին մենք երբեք չենք խուսափել խոսել: Դեռևս անելիքներ ունենք բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների, շքամուտքերի, նկուղների նորոգման, ոռոգման և արտաքին լուսավորության ցանցերի ընդլայնման, բակային տարածքների բարեկարգման, ասֆալտապատման ու քաղաքակիրթ տրանսպորտի ապահովման ուղղությամբ: Եվ այս ամենն ընդգրկված է մեր նոր ծրագրերում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 

«Երևանը մեր բոլորի տունն է: Ու մեր նպատակն է նորանոր ծրագրեր իրականացնելով՝ առավել բարելավել յուրաքանչյուրի կենցաղն ու ստեղծել մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ առանձնակի կարևորելով նաև մայրաքաղաքում աղբահանության խնդրի կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որոնց մեկնարկն արդեն տրված է. «Հայի օջախը միշտ է աչքի ընկել իր մաքրությամբ: Ու Երևանն էլ, որ բոլորիս մեծ տունն է, նույնպես պետք է աչքի ընկնի իր մաքրությամբ: Եվ այս ուղղությամբ մենք արդեն իսկ ձեռնարկել ենք քայլեր: Առաջիկայում մենք ձեռք ենք բերելու միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մեքենաներ, որոնցով կկարողանանք պատշաճ իրականացնել թե՛ աղբահանությունը, թե՛ փողոցների ու բակերի մաքրությունը, և թե՛ ձյան մաքրման աշխատանքները: Մենք նախատեսում ենք նաև աղբի վերամշակման գործարան հիմնել Երևանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Անդրադառնալով արդեն իրականացվող ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ դրանք կլինեն շարունակական և կապահովեն մայրաքաղաքի համաչափ զարգացումը. «Անցած տարիների ընթացքում մենք՝ մեր փորձառու թիմակիցներով, սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ կարողացել ենք կյանքի կոչել ձեր կողմից սպասված բազում ծրագրեր: Ու դրանով ապացուցել ենք, որ մեր խոսքերը ոչ թե դատարկ խոստումներ են, այլ կյանքի կոչվող իրատեսական ծրագրեր: Այդ նույն փորձառու թիմն այսօր եկել է ձեր վստահության քվեն կրկին խնդրելու, որպեսզի ձեզ հետ միասին իրականություն դարձնենք մեր բոլոր ծրագրերը: Ու քանի որ այդ ծրագրերի հիմքում հենց ձեր կողմից առաջադրված խնդիրներն են դրված, մենք վստահ ենք, որ դուք, սիրելի երևանցիներ, ձեր քվեն տալու եք անվճար մանկապարտեզին, բարեկարգ բակին, հարմարավետ տրանսպորտին, վերանորոգվող դպրոցներին, մշակույթի տներին, նորոգվող վերելակներին, բարեկարգվող շքամուտքերին ու նորոգվող տանիքներին: Մի խոսքով, ավելի լավ Երևան ունենալուն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Հանդիպումների ավարտին Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները, վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ և կյանքի կկոչվեն: Բնակիչներն էլ իրենց հերթին, առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Տարոն Մարգարյանին, ընդգծել են, որ հավատում ու վստահում են Երևանի գործող քաղաքապետին ու նրա հետագա ծրագրերին: