31

Նախընտրական հանդիպումներ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ

23/04/2013

«Մայրաքաղաքի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ». Տարոն Մարգարյան


«Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը: Առաջիկա տարիներին ևս երևանցիների հետ անմիջական շփումները կլինեն մշտական ու հիմնականում հենց նրանց առաջարկներով կձևավորվեն աշխատանքային ծրագրերը»:

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն այսօր Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ էր: Անդրադառնալով վերջին տարիներին մայրաքաղաքում կյանքի կոչված ծրագրերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ համաքաղաքային ծրագրերը կազմելիս թիմը մշտապես առաջնորդվել է մեկ հիմնական նպատակով`  երևանցիների համար առավել հարմարավետ դարձնել այն միջավայրը, որում ապրում են նրանք. «Անցած չորս տարիների ընթացքում երևանցիները տեսել են անվճար մանկապարտեզ, վերանորոգված դպրոցներ, ջեռուցվող կրթօջախներ, բարեկարգ բակեր, կանաչապատ տարածքներ, ասֆալտապատ փողոցներ ու մի շարք այլ ձեռքբերումներ, որը բոլորիս հաջողությունն է: Այո, բոլորիս, քանի որ դրան հասել ենք փոխադարձ վստահության ու սրտացավ աշխատանքի շնորհիվ: Եվ այսօր, ներկայացնելով ձեզ կատարած աշխատանքները, կարող եմ վստահեցնել, որ սա ընդամենը սկիզբն է, ու մենք միասին ունենալու ենք ավելին, ավելի լավ Երևան: Բոլորդ կհամաձայնեք, որ չորս տարին շատ կարճ ժամանակ է 25 տարվա կուտակված խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար: Իսկ որ մեր թիմն օր ու գիշեր սրտացավ աշխատանքով փորձել է լուծումներ տալ երևանցու խնդիրներին, բոլորիդ է հայտնի: Անցած չորս տարիների ընթացքում, անմիջական շփվելով երևանցիների հետ, մենք կարողացանք բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք առաջնային ու օրակարգային են եղել բնակիչների համար: Եվ մեր նոր ծրագրերում ընդգրկել ենք հենց այդ խնդիրները, որոնց փորձելու ենք լուծումներ տալ ձեզ հետ միասին: Եվ վստահ եղեք, սիրելի երևանցիներ, որ ինչպես անցած չորս տարիների ընթացքում, գալիք տարիներին ևս, ստանալով ձեր վստահության քվեն, մեր փորձառու թիմը ձեզ հետ միասին կկարողանա էլի բազում ծրագրեր կյանքի կոչել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես հիմնանպատակ առանձնացրել է նաև մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումը, որն իր գործունեության առաջին իսկ օրից դարձել է հստակ աշխատակարգ.  «Երևանի համաչափ զարգացումը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները պետք է ունենան իրենց կենտրոնները, իրենց հարմարավետ միջավայրը, որ այլևս իրենց հանգիստը կազմակերպելու համար չգնան Կենտրոն վարչական շրջանի հանգստի գոտիներ: Մենք նպատակ ենք դրել մեր բոլոր բնակիչների համար՝ մեծ թե փոքր, ստեղծել կանաչապատ և հարմարավետ միջավայր ու, վստահ եմ, հասնելու ենք դրան»,- նշել է Տարոն Մարգարյանը: 


Ներկայացնելով նոր անելիքներն ու ծրագրերը` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ավելի լավ Երևան ունենալուն ուղղված բոլոր ծրագրերը միտված են լինելու բարելավել յուրաքանչյուր երևանցու կենցաղը՝ մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ ապահովելով Երևանի յուրաքանչյուր անկյունում:


«Ինձ համար հոգեհարազատ են բոլոր բակերը, բոլոր թաղամասերը, բոլոր վարչական շրջանները, և ավելի լավ Երևան ունենալու համար մենք պետք է նախ ունենանք ավելի լավ բակ, ավելի լավ թաղամաս և ավելի լավ վարչական շրջան: Մեր նոր ծրագրերը, որ այսօր ներկայացնում ենք ձեզ, բոլորն իրատեսական են, և համոզված եմ, որ փոխադարձ վստահության շնորհիվ մենք կարող ենք միասին կյանքի կոչել բոլոր այդ ծրագրերը, միասին կառուցել մեր քաղաքն ու բարեկարգ բակը, միասին ունենալ մաքուր, կանաչապատ և հարմարավետ Երևան: Եվ վստահ եմ, որ մենք միասին անպայման կունենանք ավելի լավ Երևան»,- նշել է Տարոն Մարգարյանը: