14

Նախընտրական հանդիպումներ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ

12/04/2013

«Պետք է ամրապնդվի քաղաքային իշխանություն-հասարակություն կապը». Տարոն Մարգարյան


«Մայրաքաղաքի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ: Եվ ավելի լավ Երևան ունենալու համար նախ և առաջ անհրաժեշտ է ամրապնդել քաղաքային իշխանության ու հասարակության միջև փոխվստահության արդեն իսկ ձևավորված մթնոլորտը»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր նախընտրական հանդիպումը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ սկսել է այս խոսքերով:

Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս երևանցիների հետ անմիջական շփումները կլինեն մշտական և հիմնականում հենց նրանց առաջարկներով կձևավորվեն աշխատանքային ծրագրերը. «Ինձ համար իսկապես շատ կարևոր է վերջին տարիներին ձևավորված քաղաքային իշխանություն և բնակիչ անմիջական կապը: Թե ես և թե մեր թիմը երբեք չենք խուսափել քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց, միշտ պատրաստակամ ենք եղել լսել նրանց դարդ ու ցավը և հնարավորին լուծում տալ դրանց: Անցած չորս տարիների ընթացքում երևանցիների հետ անմիջական շփումների և սրտացավ աշխատանքի շնորհիվ, մեր փորձառու թիմը կարողացել է լուծել բազում խնդիրներ: Մի շարք խնդիրներ էլ ներառել ենք մեր նոր ծրագրերում՝ դրանց ևս հետզհետե լուծում տալու հաստատակամությամբ: Եվ մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել՝ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերին առավել օպերատիվ և հիմնովին լուծումներ տալու ուղղությամբ: Ու ես վստահ եմ, որ մենք միասին կկարողանանք ավելի լավ Երևան ունենալ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքային իշխանություն-երևանցի կապն առավել ամրապնդելու և բնակիչների կողմից բարձրացվող հարցերին որպես օպերատիվ լուծումներ տալու լավագույն միջոց, Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների առկայությունը. «Թեժ գծերի առկայությունը ևս օգնում է մեզ ավելի արագ տեղեկանալ երևանցուն հուզող խնդիրներին ու օպերատիվ լուծումներ տալ դրանց: Եվ այն վստահությունը, որը ձևավորվել է բնակիչների կողմից քաղաքային իշխանության նկատմամբ, պետք է լինի շարունակական: Առանց քաղաքացու վստահության շատ դժվար է կյանքի կոչել ծրագրերն ու վստահ աշխատել: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ վստահությունը կրկնապատկվի: Այս առումով մեր ձեռքբերումներից մեկն էլ քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև արդեն ձևավորված ակտիվ համագործակցությունն է: Համոզված եղեք, որ հետագա չորս տարիներին ևս մենք կանենք հնարավորը, որպեսզի այդ փոխադարձ վստահությունն էլ ավելի ամրապնդվի: Ու նաև վստահեցնում եմ, որ երևանցին՝ իր առաջարկներով, շարունակելու է մնալ քաղաքային առաջնահերթ ծրագրերի կազմման անմիջական մասնակիցն ու իրական կառավարիչը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով արդեն կատարած աշխատանքներին ու նախընտրական ծրագրի մյուս դրույթներին` Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մայիսի 5-ին երևանցին իր քվեն տալու է փորձառու և աշխատող թիմին. «Սիրելի Երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի սիրելի բնակիչներ: Ես ձեզանից մեկն եմ, ձեզ հետ եմ, միշտ եղել եմ ձեր կողքին և լիովին տիրապետում եմ ձեր բոլոր դարդ ու ցավերին: Այս չորս տարիների ընթացքում մենք՝ ձեզ հետ միասին, լուծել ենք բազում խնդիրներ: Բայց դեռևս կան շատ անելիքներ, որոնք, ձեր վստահության շնորհիվ, համոզված եմ, կկարողանանք ամբողջությամբ կյանքի կոչել: Մի բան հաստատ իմացեք, ինձ համար բոլոր բակերը հոգեհարազատ են, ինձ համար բոլոր թաղամասերը հոգեհարազատ են, և այն բոլոր խնդիրները որոնք ծառացած են այսօր երևանցու առջև, պատրաստ ենք լուծել միասին: Ու ես վստահ եմ, որ երևանցին մայիսի 5-ին իր քվեն տալու է այն մարդուն, ով սրտացավ է թե երևանցու և թե Երևանի համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպումների ավարտին Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Նոր Նորքի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները, վստահեցրել, որ դրանք նույնպես կդառնան ծրագրային առաջնահերթություններ և հետզհետե կյանքի կկոչվեն: