23

Նախընտրական հանդիպումներ Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ

18/04/2013

«Երիտասարդ երևանցիների նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու ենք նոր ծրագրերով». Տարոն Մարգարյան

«Երևանցիների նոր սերունդը՝ իր նորովի գաղափարներով, նոր ուժով ու նվիրումով, մեծ ներդրում կարող է ունենալ մայրաքաղաքի զարգացման գործում»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ Երևանն այսօր ունի երիտասարդների աջակցության, ներուժի, Երևանի նկատմամբ նրանց սիրո ու նվիրումի կարիքը. «Ինձ համար իսկապես հաճելի է տեսնել, որ մեր հանդիպումներին մասնակցում են շատ երիտասարդներ: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանը որքան հին, նույնքան էլ երիտասարդ քաղաք է ու հենց իր երիտասարդների շնորհիվ է նաև հարատևել: Երևանի ամեն օրն է լեցուն երիտասարդներով, ու Երևանն ինքը ապրում է նրանցով: Հազարավոր երիտասարդներ այստեղ ուսում են ստանում,  սիրահարվում, ամուսնանում, երեխա են ունենում և այդպիսով շարունակում ապրել ու պահպանել Երևանի գրված ու չգրված կանոնները: Իրականում, Երևանը մեծ ընտանիք է, որում իր ուրույն տեղն ու դերը պետք է ունենա նաև մեր երիտասարդությունը: Մեր առաջիկա անելիքների թվում է «Ուսանողական Երևան» ծրագրի մշակումը: Նախատեսում ենք նաև հիմնել նոր ուսանողական ավան, որտեղ կստեղծվեն լավ կրթություն ստանալու և հետաքրքիր առօրյայով ապրելու ժամանակակից բոլոր հնարավորությունները: Եվ սրանք զուտ խոսքեր չեն, խոստումներ չեն: Մենք գործով ենք ապացուցել, որ երիտասարդներին հուզող խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Ապացույցներից մեկն արդեն ավելի քան մեկ տարի քաղաքապետին կից գործող երիտասարդական խորհրդի գործունեությունն է, որն ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքային բազում ծրագրերի կյանքի կոչման հարցում: Եվ, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս կվստահեցնեմ մեր երիտասարդներին, որ քաղաքային տնտեսության կառավարման շատ ու շատ հարցերում մենք իսկապես ունենք ձեր ակտիվ մասնակցության կարիքը, քանի որ ավելի լավ Երևանը մենք պետք է ստեղծենք բոլոր երևանցիների հետ միասին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ավելի լավ Երևան ունենալուն միտված ծրագրերի մեծ մասը, ըստ էության, արդեն իսկ սկիզբ առած աշխատանքների շարունակականությունն են ապահովելու, որոնք իրենց հիմքում կրել ու կրելու են Երևանն օր առաջ էլ ավելի բարեկարգ ու հարմարավետ տեսնելու յուրաքանչյուր երևանցու երազանքը: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր օրը պետք է տարբերվի նախորդ օրվանից ու պետք է լինի ավելի լավը, իսկ այս ամենին հասնելու համար առաջնայինը բնակչի հետ ամենօրյա համատեղ աշխատանքն է, ինչի արդյունավետությունն արդեն ապացուցվել է:


«Մենք միշտ եղել ենք մեր բնակիչների կողքին, երբեմն նաև տուն առ տուն այցելելով ու լսելով  նրանց դարդ ու ցավը, փորձել ենք հնարավորին արագ լուծումներ տալ դրանց: Ինձ համար սա հստակ դիրքորոշում ու աշխատակարգ է: Ասել եմ ու միշտ կասեմ, որ ես ձեզանից մեկն եմ ու հենց դա է նաև ինձ միշտ ուժ և վստահություն տվել փորձելու օր առաջ լուծում տալ մեր առջև ծառացած խնդիրներին: Եվ ես համոզված եմ, որ միասին մենք կարողանանք կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք հենց ձեր կողմից են առաջադրվել որպես առաջնահերթ լուծում պահանջող: Ու նաև վստահ եմ, որ մայիսի 5-ին երևանցիները իրենց ձայնը տալու են այն թիմին, որը միշտ եղել է քաղաքացիների հետ, միշտ լսել է նրանց ձայնը, խորհուրդներն ու առաջարկները և իր աշխատանքով ապացուցել, որ միշտ պատրաստ է նվիրումով ծառայել երևանցիներին, որպեսզի բոլորս միասին օր առաջ ունենանք ավելի լավ Երևան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: