Նախընտրական հանդիպումներ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ
16/04/2013
«Մայրաքաղաքում աղբահանության խնդրի կարգավորմանն ուղղված ծրագրերի մեկնարկն արդեն տրված է». Տարոն Մարգարյան
«Երևանում այսօր կարևորագույն խնդիր է աղբահանություն արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի կառավարումը, որը հատկապես նուբարաշենցիների համար առաջնահերթություն է: Եվ այս մասով մենք նախատեսում ենք աղբավերամշակման գործարան կառուցել, որպեսզի նուբարաշենցին կարողանա արժանավայել ապրել իր վարչական շրջանում: Բացի այդ մեր ծրագրերում ներառված է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մեքենաների ձեռքբերում, որոնցով կկարողանանք պատշաճ իրականացնել ինչպես մայրաքաղաքի աղբահանությունը, այնպես էլ փողոցների ու բակերի մաքրությունն ու ձյան մաքրման աշխատանքները»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ իր այսօրվա նախընտրական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ մայրաքաղաքում աղբահանության խնդրի կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացումն իրատեսական է, և որ այդ ծրագրերի մեկնարկն արդեն տրված է:
Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված նախընտրական ծրագրերը կազմվել են հենց երևանցիների կողմից բարձրացված հարցերի ու առաջարկների հիման վրա, ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ առաջիկա տարիներին ևս փորձառու թիմը շարունակելու է անմիջականորեն շփվել երևանցու հետ ու տեղում ծանոթանալով` արագ լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին. «Անցած չորս տարիների ընթացքում մենք մանրամասն ուսումնասիրել ենք երևանցիներին հուզող բոլոր խնդիրներն ու մշակել դրանց լուծման տարբերակները: Մեր այս ծրագրերը լոկ խոսքեր չեն, խոստումներ չեն, իրատեսական ծրագրեր են: Եվ ունենալով քաղաքապետարան - վարչական շրջան - երևանցի փոխադարձ վստահությունը` համոզված եմ, որ մենք կկարողանանք միասին լուծում տալ առկա բոլոր խնդիրներին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումն ամրագրելով որպես առաջնահերթ նպատակ` իր գործունեության առաջին իսկ օրվանից սահմանել է հստակ աշխատակարգ, համաձայն որի` Երևանի զարգացման ծրագրերը կազմելիս նախ և առաջ պետք է առաջնորդվել բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ապահովելու ելակետով. «Երևանը մեր մեծ տունն է, և մենք միասին պետք է կառուցենք ու շենացնենք մեր տունը: Նուբարաշեն վարչական շրջանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է Երևան քաղաքի ծայրամասային հատվածում, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ այն բոլոր խնդիրները, դարդ ու ցավը, որն այսօր ունի նուբարաշենցին, մեր օրակարգային հարցերի շարքում են: Մենք որոշ խնդիրների այս ընթացքում մասամբ լուծումներ ենք տվել, բացի այդ, նաև որոշակի ծրագրերի հիմքեր ենք դրել, և անհրաժեշտ է ժամանակ՝ այդ ծրագրերը ավարտին հասցնելու համար: Վստահեցնում եմ, որ դուք, սիրելի նուբարաշենցիներ, շուտով կզգաք այդ ծրագրերի արդյունքները: Եվ վստահ եղեք, որ մեր փորձառու թիմը, նախորդ չորս տարիների նման, առաջիկա չորս տարիներին ևս պատրաստ է ծառայել երևանցիներին: Եվ այսօր, խնդրելով ձեզ, որ մայիսի 5-ին ձեր վստահության քվեն տաք մեր փորձառու թիմին, ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ նույն նվիրումով աշխատելով` մենք, ձեզ հետ միասին, կկարողանանք օր առաջ ունենալ այն Երևանը, որի մասին երազում ենք բոլորս»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: