Նախընտրական հանդիպումներ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ
13/04/2013
«Աճող սերնդի համար պետք է ապահովենք ժամանակակից կրթական միջավայր». Տարոն Մարգարյան
«Գաղտնիք չէ, որ Երևանը Հայաստանի կրթական կենտրոնն է նաև: Եվ մեզ համար մշտապես առաջնահերթ խնդիր է եղել ու մնում կրթօջախներում մեր երեխաների համար հարմարավետ պայմանների ապահովումը: Եվ այս ուղղությամբ մենք արդեն իսկ կատարել ենք շատ որոշակի քայլեր, որոնք նպաստել են այդ նպատակի կյանքի կոչմանը: Ամենօրյա հետևողական ու սրտացավ աշխատանքի արդյունքում Երևանում այսօր ամբողջությամբ լուծված է դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Այսօր շուրջ 30.000 երևանցի փոքրիկներ՝ անկախ ընտանիքի սոցիալական պայմաններից, անվճար հաճախում են մանկապարտեզ: Եվ այս ամենը կրթության ոլորտում մեր շարունակական ծրագրի ընդամենը մի մասն է, որը, խոստման համաձայն, իրականացրել ենք նախորդ չորս տարիներին»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր նախընտրական հանդիպումը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ սկսել է կրթական ոլորտին անդրադարձով:
«Մեր ապագա ծրագրերում նախատեսում ենք զարգացնել այն հաջողությունները, որոնք արդեն իսկ ձեռք ենք բերել կրթության ոլորտում: Առաջիկա տարիներին նախատեսում ենք նորոգել բոլոր մանկապարտեզներն ու ամբողջությամբ թարմացնել մանկապարտեզների կահավորանքը և տնտեսական գույքը: Բացի այդ, հաշվի առնելով անվճար դառնալուց հետո մանկապարտեզներ հաճախելու պահանջարկի կտրուկ աճը, մեր առաջիկա ծրագրերում նախատեսել ենք նաև նոր մանկապարտեզների կառուցում: Հանրակրթական դպրոցներում հարմարավետության ապահովման ուղղությամբ ևս շարունակելու ենք իրականացնել նորոգման և բարեկարգման աշխատանքներ: Մեր հիմնանպատակը մեկն է. լավ կրթություն ապահովելու համար Երևանի բոլոր կրթօջախներում ստեղծել հարմարավետ պայմաններ: Եվ վստահ եղեք, որ սա լիովին իրատեսական է ու, որ կարևոր է, ավելի լավ Երևան ունենալու ամենահիմնական պայմաններից մեկն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զարգացման կայուն փուլ թևակոխած մայրաքաղաքի ապագային ուղղված նախընտրական ծրագրերը նոր էջ կբացեն Երևանի պատմության մեջ` մեկնարկ տալով աննախադեպ և բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը, վստահ է Տարոն Մարգարյանը. «Հետագա չորս տարիների համար այսօր խնդրելով ձեր վստահության քվեն` մենք նախ և առաջ վստահեցնում ենք ձեզ, որ ապահովելու ենք մայրաքաղաքի համաչափ զարգացումն ու երևանցիների համար հարմարավետ միջավայրը: Ավելի լավ Երևանի համար պետք է ունենալ ավելի լավ բակ, ավելի լավ թաղամաս ու ավելի լավ վարչական շրջան: Մենք ապացուցել ենք, որ եկել ենք ծառայելու մեր ժողովրդին ու հերթական անգամ, ստանալով ձեր վստահության քվեն, մեր փորձառու թիմը պատրաստ է կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր ներկայացնում ենք ձեզ: Մենք մեր աշխատանքով արդեն իսկ ցույց ենք տվել, որ կարող ենք աշխատել, սրտացավ ենք երևանցու և Երևանի համար ու որ պատրաստ ենք միշտ լսել մեր քաղաքացիների բողոքները, խորհուրդներն ու առաջարկները: Երևանը մեր մեծ տունն է, և մենք բոլորս պետք է սրտացավ լինենք մեր մեծ տան համար: Համոզված եղեք, որ փոխադարձ վստահության շնորհիվ մենք մեր մեծ տունը, սիրելի երևանցիներ, կարող ենք ավելի լավը դարձնել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպումների ավարտին Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Շենգավիթի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները, վստահեցրել, որ դրանք նույնպես հետզհետե կդառնան ծրագրային առաջնահերթություններ և կյանքի կկոչվեն: Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին Երևանի ու երևանցու հանդեպ ունեցած ամենօրյա հոգատարության, սրտացավ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար: