32

Նախընտրական հանդիպումներ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ

25/04/2013

«Երևանի ամեն վաղվա օրը պետք է տարբերվի նախորդ օրվանից ու պետք է լինի ավելի լավը: Սա է մեր ծրագրի հրամայականը, երևանցու պահանջն ու սպասելիքը». Տարոն Մարգարյան


«Վստահ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին, կունենանք այն Երևանը, որի մասին երազում ենք»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն այսօր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ էր:

Անդրադառնալով նախընտրական ծրագրերում տեղ գտած աշխատանքներին` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ  քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի հիմքում էլ ավելի լավ Երևան ունենալն ու երևանցու համար հարմարավետության ապահովումն է: Այս հստակ դիրքորոշմամբ էլ թիմը շարունակելու է այն ծրագրերը, որոնց հիմքը դրվել էր դեռևս չորս տարի առաջ. «Հավատացեք, որ միասին կարող ենք ունենալ ավելի լավ թաղամասեր, ավելի լավ վարչական շրջան ու ավելի լավ Երևան: Եվ սրան կարող ենք հասնել փոխադարձ վստահության շնորհիվ, ինչի հիմքերը ևս արդեն դրել ենք: Երևանի տերը երևանցին է, Երևանի բնակիչը, իսկ մենք եկել էինք ծառայելու, և մայիսի 5-ին ստանալով ձեր վստահության քվեն` պատրաստ ենք ևս չորս տարի ծառայել ձեզ ու ձեզ հետ միասին կառուցել ավելի լավ Երևան: Սրանք խոստումներ չեն, լոկ խոսքեր չեն, այլ իրատեսական ծրագրեր են, որոնց հիմքում դրված են անցած չորս տարիների ընթացքում ձեզ հետ անմիջական շփումների ընթացքում հենց ձեր կողմից բարձրացված առաջնահերթությունները: Այո, մենք ծանոթ ենք բոլորի խնդիրներին, գիտենք բոլոր վարչական շրջանների դարդն ու ցավը և, ըստ այդմ, նաև լուծումներն ենք նախանշել: Ուղղակի դրանց հասնելու համար անհրաժեշտ է ձեր վստահությունը և որոշակի ժամանակ: Եվ համոզված եմ, որ դուք, սիրելի երևանցիներ, մեզ կտաք այդ ժամանակը»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Անցած տարիներին իրականացված ծրագրերի արդյունքները հիմնականում փաստել են, որ Երևանի զարգացման ուղին երևանցիների սրտով է: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդ նույն աշխատակարգով առաջնորդվելով էլ քաղաքային իշխանությունը շարունակելու է առաջադրել լուծումներ, որոնց իրականացման արդյունքում հնարավորին կարճ ժամկետում  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կապահովվի հավասարաչափ զարգացում. «Թիմը օր ու գիշեր սրտացավ ու հետևողական աշխատանքով փորձեց անել հնարավորը, որպեսզի որոշակի լուծումներ տար ավելի քան 25 տարի կուտակված խնդիրների գոնե որոշ մասին: Սակայն չորս տարին կարճ ժամանակ է բոլոր խնդիրները միանգամից լուծելու համար: Ամեն դեպքում, անցած չորս տարիների ընթացքում թիմի յուրաքանչյուր անդամ եղել է ձեր կողքին, լսել բարձրացվող դժգոհությունները, առաջարկներն ու խորհուրդները, որոնց մի մասին տրվել են լուծումներ, իսկ մյուս մասն էլ ներառել ենք մեր նոր ծրագրերում»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, թիմի փորձառությունը կայանում է հենց նրանում, որ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով, այլ գործով է ապացուցել երևանցու հանդեպ իր հոգատարությունն ու սրտացավությունը: Եվ որ ամենակարևորն է, երևանցիների հետ անմիջական շփումների, համատեղ աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ թիմը կարողացել է հասնել շոշափելի  արդյունքների. «Եվ հենց սա է պատճառը, որ ես վստահ եմ, որ մայիսի 5-ին երևանցիները իրենց ձայնը կտան այն փորձառու թիմին, որը, մշտապես լինելով երևանցիների կողքին, ոչ թե լսելով, այլ տեղում է ծանոթացել երևանցու դարդ ու ցավին, խնդիրներին և պատրաստ է լուծումներ տալ Երևանի ու երևանցու առջև ծառացած խնդիրներին: Բացի այդ, համոզված եմ, որ դուք ձեր վստահության քվեն տալու եք նաև անվճար մանկապարտեզին, վերանորոգվող դպրոցին, ջեռուցվող կրթօջախներին, հիմնանորոգվող մշակութային օջախներին, բարեկարգվող փողոցներին ու բակերին, ինչպես նաև լուսավորվող ու մաքուր Երևանին: Մի խոսքով՝ ավելի լավ Երևանին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: