39

«Փորձում եմ շփվել բոլորի հետ». ԱՆԴԻՆԻ հարցերին պատասխանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

01/05/2013

- Ի՞նչ է Ձեզ համար մայրաքաղաքը, և ի՞նչ է նշանակում լինել մայրաքաղաքի քաղաքապետ:


- Որպես Երևանի բնակիչ՝ քաղաքն ինձ հոգեհարազատ է բոլոր առումներով, և, բնականաբար, ամեն վաղվա օր քաղաքը ավելի լավը տեսնելու մեծ ցանկություն ունեմ: Որպես քաղաքի կառավարիչ ասեմ, որ այդ ցանկությունից բացի կան բազում պարտականություններ, օր ու գիշեր աշխատանք և լրջագույն պատասխանատվություն: Քաղաքը պետք է սիրել, և այդ սերը ոչ միայն բարեկարգ ու հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելով է արտահայտվում, այլ նաև բնակիչների հոգսը, պարզ ասած, դարդ ու ցավը տեսնելու, դրանց համար լուծումներ գտնելու կարողությամբ:

-Երբ Դուք Ավան համայնքի թաղապետն էիք, Ձեր գործունեությունն այնքան դրական հետք է թողել, որ մինչ այսօր Ավանի բնակչությունը երախտապարտ է Ձեզ: Կարելի՞ է ասել, որ նույն հոգածությունն ունեք ողջ մայրաքաղաքի հանդեպ:


- Երևանը ես պատկերացնում եմ մեծ ընտանիք և որպես քաղաքապետ պատասխանատվություն եմ կրում բոլոր վարչական շրջանների և, այո, յուրաքանչյուր բնակչի համար: Մայրաքաղաքի համաչափ զարգացումը մեր ծրագրային առաջնահերթություններից է, և ես վստահ եմ՝ այն ծրագրերը, որ այսօր իրականացվում են և իրականացվելու են առաջիկա տարիներին, հնարավորություն կտան, որ ենթակառուցվածքների, քաղաքային կյանքի հարմարավետության առումով արդեն շատ մոտ ապագայում տարբերություն չլինի վարչական շրջանների միջև:

-Երևանի մասին ո՞ր օրենքում ի՛նչ փոփոխությունների կարիք եք զգում, որոնք հրատապ են:


- Ընդհանրապես օրենքները կենսունակ են, եթե անհրաժեշտությունից ելնելով փոփոխությունների են ենթարկվում: Օրենքի կիրարկումից հետո ի հայտ են եկել որոշակի հարցեր, ինչը, կարծում եմ, բնական է զարգացում ապրող քաղաքի համար: Ներկայում էլ մենք նախապատրաստում ենք Երևանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի ընդունման դեպքում ավելի արդյունավետ է դառնալու թե՛ ավագանու և թե՛ քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեությունը:

-Ի՞նչ պետք է անել, որ Երևանը փոքր կենտրոնից դուրս գա և տարածվի քաղաքով մեկ, որ ծայրամասում ապրողն էլ իրեն զգա լիարժեք մայրաքաղաքացի:


- Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվում են. բանաձևը պարզ է՝ քաղաքաշինական ու ներդրումային նոր ծրագրերը, որոնք հավանություն կստանան, մենք հնարավորինս կենտրոնից ուղղորդում ենք վարչական մյուս շրջաններ: Զուգահեռաբար կյանքի ենք կոչում փոքր կենտրոններ ստեղծելու գաղափարը՝ ապահովելով ընդհանրապես քաղաքի համաչափ զարգացումը: Երևանցին թե՛ կենտրոնում, թե՛ արվարձանում պետք է ապրի վայել միջավայրում: Ավելի լավ Երևանը սկսվում է ավելի լավ բակերից, ավելի լավ թաղերից, ավելի լավ վարչական շրջաններից: Սա է այսօր մեր ծրագրի հրամայականը, երևանցու պահանջն ու սպասելիքը:

- Հայտնի է, որ Դուք ավագանու կողմից ընտրված երրորդ քաղաքապետն եք, ով գործում է նախկինների ստեղծած աշխատակազմով: Արդյոք ընտրություններից հետո սպասվո՞ւմ են կադրային շոշափելի փոփոխություններ:


- Կադրային որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ: Եթե մարդը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, չի թերանում, ապա, բնականաբար, նա շարունակում է իր աշխատանքը: Կան աշխատանքային հստակ ծրագրեր և այդ ծրագրերը կյանքի կոչելուն ուղղված պահանջներ: Եթե մասնագետը իր տեղում է և աշխատանքի արդյունավետությունն էլ՝ տեսանելի, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել:

- Քաղաքապետարան աշխատանքի ընդունո՞ւմ եք բանիմաց, բայց ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամ մարդու:


- Մենք աշխատում ենք Երևանի համար: Իսկ Երևանը բոլորինս է՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

- Ըստ Ձեզ՝ վերջին քսանամյակում երևանցին, նրա տեսակը փոխվե՞լ է, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ է կորցրել և ի՞նչ նոր հատկանիշներ է ձեռք բերել:


- Քսանամյակի կտրվածքով, այո, երևանցին շտկել է մեջքը, և շատ դժվարություններ ետևում են մնացել: Բայց խնդիրներ դեռ կան, ու անգամ այդ խնդիրների առկայությամբ էլ մեր բնակիչը ինքնավստահություն է ձեռք բերել ու լավատեսություն վաղվա օրվա հանդեպ: Եվս մի կարևոր հանգամանք. երևանցին իսկապես օրեցօր իրեն մայրաքաղաքում ընթացող գործընթացների լիարժեք մասնակից է համարում ու գիտի, որ իր ձայնը լսվում է:

-Կարծիք կա, որ Դուք բավականին լավ հարաբերությունների մեջ եք երևանյան <<կրիմինալ>> և <<թաղային>> հեղինակությունների հետ, որքանո՞վ է դա մոտ ճշմարտությանը:


- Երևանցիները շատ տարբեր են: Երևանի բնակիչներին կարգերի բաժանել չի կարելի: Յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում ու ստեղծում: Երևանը բոլորի՝ այո, մտավորականների և արվեստագետների, ուսանողների և բանվորների, թաղի տղաների և օֆիսային աշխատողների քաղաքն է: Ես ոչ մեկին չեմ <<զրկում>> Երևանից և հնարավորության շրջանակներում փորձում եմ շփվել բոլորի հետ, բոլորի հոգսերին ու խնդիրներին ծանոթ լինել:

-Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, մեծ հեղինակություն ուներ Երևանում, ինչպե՞ս է ազդում նրա հեղինակությունը Ձեր գործունեության վրա:


- Կրկնակի մեծացնում է պատասխանատվության բեռն ու պարտավորվածությունը: Մայրաքաղաքի համար կարևոր որոշումներ կայացնելիս փորձում եմ մտովի պատկերացնել, թե ինչպես կվերաբերվեր դրանց հայրս:

-Ամեն տարի մեծ շուքով Էրբունի-Երևանն ենք տոնում, բայց երբ այցելում ես Էրեբունի ամրոց-թանգարան, Կարմիր բլուր, Շենգավիթ՝ պարզապես տխրում ես. նախատեսվո՞ւմ է, արդյոք, շքեղ տոնին համապատասխան, մոտ ժամանակներում բարեկարգել մեր մայրաքաղաքի ծննդավայրը, մյուս հնավայրերը:


-Երևան քաղաքի զարգացման ծրագրերում առանձնակի տեղ են զբաղեցնում պատմական հուշարձանների, մշակութային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նշված հնավայրերում որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են: Ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որոնց ներգրավման ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում: Այստեղ նաև լուրջ մասնագիտական մոտեցման խնդիր կա, որի շուրջ քաղաքապետարանը համագործակցում է ինչպես մշակույթի նախարարության, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցների հետ:

-Ելնելով քաղաքապետի Ձեր աշխատանքից՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախորդների աշխատանքը:


- Գնահատում եմ դրական: Երևանը, ինչպես և ցանկացած քաղաք, յուրօրինակ զարգացող օրգանիզմ է, որի համար շատ կարևոր է զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը: Յուրաքանչյուր քաղաքապետ ջանում է հնարավորինս շատ քայլեր անել այդ ուղղությամբ՝ հաջորդին թողնելով ավելի լավ հենք նոր ծրագրեր իրականացնելու համար:

- 60-ական թվականներից, երբ ընդհատակ անցան գվարդիականները, ի հայտ եկավ մի նոր հասկացություն՝ <<քաղքի տղա>>, ինչը բոլորովին չի նշանակում քաղաքում ծնված տղա: Ելնելով այդ արտահայտության բուն բովանդակությունից՝ Ձեզ համարո՞ւմ եք <<քաղքի տղա>>:


- Երևանի յուրաքանչյուր բնակիչ, իմ համոզմամբ, երևանցի է, քաղաքի բնակիչ՝ անկախ ծննդավայրից: Այս ըմբռնումն եմ ես ընդունում: Չեմ կարծում, որ այսօր Երևանում բնակվող մեկը կա, ով չի սիրում մեր քաղաքը: Մնում է միայն, որ այդ սերը նաև գործնական դրսևորում ունենա՝ տարածվելով քաղաքը մաքուր պահելու, գեղեցիկը չփչացնելու, նորն ստեղծելու և նման այլ երևույթների վրա:

- Հարցը թող անսովոր չթվա. այսօրվա Փարիզը իր կերպարով պարտական է երկու մարդու՝ Լուի Ֆիլիպին, ով երկրի թագավորն էր, և քաղաքապետ ու ճարտարապետ Հաուսմանին, հուսամ՝ ծանոթ եք նրանց գործունեությանը: Ձեր վերընտրվելու դեպքում չե՞ք ուզենա հետևել նրանց քաղաքաշինական մշակույթին՝ իհարկե ելնելով մեր հայկական ազգային իրականությունից և հնարավորություններից։


- Յուրաքանչյուր քաղաք, մեծ թե փոքր, իր դիմագիծն ունի ու դրա ձևավորման հարցում պարտական է իր նախագծողին: Իմ խորին համոզմամբ՝ Թամանյանի Երևանը ոչնչով չի զիջում Հաուսմանի Փարիզին: Ես չեմ ուզում, որ Երևանն այլ քաղաքի նմանվի, որքան էլ այն գեղեցիկ կամ գրավիչ լինի: Երևանն ինքն իր նման պետք է լինի, պետք է զարգանա սեփական քաղաքաշինական մշակույթով, որն իր մեջ կկրի ինչպես մեր բազմադարյա ճարտարապետության ավանդույթները, այնպես էլ ժամանակակից լուծումներ կունենա: Համոզված եմ, որ Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է ու այդպիսին լինելու է միշտ:

-Ո՞րն է գեղեցիկ քաղաքի Ձեր ընկալումը և ի՞նչ է արվում մշակույթի միջոցով քաղաքը գեղեցկացնելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն է կանաչապատման, քաղաքի մաքրության պահպանման վիճակը։


-Գեղեցիկ է այն քաղաքը, որտեղ բնակիչն իրեն հարմարավետ ու ապահով է զգում: Հարմարավետ բոլոր՝ լինի կոմունիկացիոն, կենցաղային թե շրջակա միջավայրի առումներով: Մայրաքաղաքի զարգացման մեր ծրագրերն էլ հենց այդ հարմարավետությունն ապահովելուն են ուղղված:

-Ավանում ունեցած հաջողությունը Ձեզ՝ որպես Երևանի քաղաքապետի, օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:


- Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատանքային իմ փորձը միանշանակ օգտակար է բազմաթիվ առումներով: Սակայն, ինչպես արդեն նշեցի, համաչափ զարգացում պետք է ապահովենք մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար:

-Եթե հարկ լինի, հեծանվով աշխատանքի կգնա՞ք:


- Հեծանվով աշխատանքի գնա՞մ, չեմ մտածել… Գիտեք, հեծանվով աշխատանքի գնացող պաշտոնյային մեր հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի: Թեև վերջերս մարզումների համար բերված հեծանիվներից մեկը մեր հեծանվահրապարակում ինքս եմ փորձարկել: Ի դեպ, ընդառաջելով մի քանի հկ-ների առաջարկին՝ մենք Օղակաձև զբոսայգում հեծանվուղու ստեղծման առջնեկ ծրագիր իրականացրեցինք: Դիտարկումներ են իրականացվում, և անհրաժեշտության դեպքում կընդլայնենք այդ ծրագիրը:

-Ձեր աշխատանքն այնպիսին է, որ բոլորն անընդհատ ինչ-որ բան են Ձեզանից ուզում: Լինո՞ւմ են պահեր, երբ ուզում եք ասել ՝ <<Դե, գնացեք գրողի ծոցը>>…


- Ցանկացած խնդրանքի դեպքում փորձում եմ հասկանալ մարդուն, խնդրանքի իմաստը, նպատակը: Եթե խնդրանքը անձնական չէ՝ միանշանակ քննարկվում է և հնարավոր լուծումը տրվում: Չէ, կարծում եմ՝ համբերատար եմ ու կարողանում եմ լսել մարդկանց:

-Երևանցիները Ձեզ վերաբերվում են որպես իրենց զավակի՝ հաճախ ասելով՝ <<Տարոնը մեր տղան է>>: Այդ արտահայտությունը ինչքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում:


- Իհարկե պարտավորեցնում է: Ջանում եմ, որ մարդիկ հուսախաբ չլինեն, ու այն վստահությունը, որ ունեն իմ նկատմամբ, ավելի ամրապնդվի ու մեծանա:

-Հաշվի առնելով, որ մենք գրական-գեղարվեստական հանդես ենք, Ձեր վերաբերմունքը գրքի ու գրականության նկատմամբ:


- Երևանը ուղիղ մեկ տարի կրեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի էստաֆետը, ինչը ոչ միայն մեծ պատիվ ու պատասխանատվություն էր մեզ համար, այլև նկատելի աշխուժություն բերեց մեր մշակութային կյանքին, նաև, համոզված եմ, շատ բան փոխեց գրքի ու գրականության նկատմամբ մեր ունեցած ավանդույթները վերագտնելու առումով: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հայ ու արտասահմանցի հարյուրավոր հեղինակների բազմաթիվ գրքեր, և ես սրտանց ցանկանում եմ, որ գիրք կարդալը, գրականությունը արժեքավորելը նորից վերադառնա մեր կենցաղ: